Այսօրվանից ՀՊՏՀ-ում սկսվեց ամփոփիչ քննաշրջանը (լուսանկարներ)
Այսօր մեր բուհում մեկնարկեց ամփոփիչ քննաշրջանը, որի ընթացքում ստուգարքներ ու քննություններ կհանձնեն առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի ուսանողները: Ամփոփիչ քննաշրջանի կազմակերպական հարցերով զբաղվող ՀՊՏՀ ուսումնաօժանդակ բոլոր օղակներն ամեն ինչ արել են, որպեսզի այն ընթանա առանց միջադեպերի. պատրաստ է քննաշրջանի հերթապահության հստակ ժամանակացույցը, վերանայվել է թեստային համակարգչային քննություններով առարկաների թեստային բազան, սահմանվել է հերթապահություն:
«Երեկ ողջ օրը ուսումնակազմակերպական և ուսումնամեթոդական բաժինների ղեկավարների մասնակցությամբ օպերատիվ խորհրդակցություններ ենք անցկացրել ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում, որոնց ընթացքում քննարկվել և լուծում են ստացել ամփոփիչ քննաշրջանի կազմակերպական հարցերը: ՀՊՏՀ ֆակուլտետները պատրաստ են կազմակերպված ձևով անցկացնելու քննաշրջանը», - ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ուսումակազմակերպական աշխատանքերի գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը և հավելեց, որ բուհն այս օրերին աշխատելու է ողջ ծանրաբեռնվածությամբ:
Միայն այսօր առկա ուսուցմամբ բակալավրիատում կանցկացվի 53, հեռակա ուսուցմամբ բակալավրիատում` 26, առկա ուսուցմամբ մագիստրատուրայում 33 քննություններ և ստուգարքներ: Պրոռեկտորը հույս հայտնեց, որ ՀՊՏՀ ուսանողները լավ են նախապատրաստվել քննաշրջանին և հաջողությամբ կհանձնեն բոլոր քննությունները:
Բուհի ուսումնակազմակերպական բաժնից հայտնեցին, որ ամփոփիչ քննաշրջանը կավարտվի հունիսի 27–ին։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին