Ինչպիսի՞ն է մեղրի հայկական շուկան կամ ինչպե՞ս Հայաստան բերել շվեյցարական շոկոլադը. ուսումնասիրել են մեր ուսանողները

Դիտումների քանակ՝ 1682

Մարքեթինգի ամբիոնի դասախոսները շարունակում են անցկացնել սեմինար պարապմունքներ, որոնց ընթացքում ուսանողները ներկայացնում են հետազոտական, վերլուծական այն աշխատանքը, որը, կազմելով փոքրիկ աշխատանքային խմբեր, կատարում են դասախոսների ղեկավարությամբ: 
Այսօր ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսում նման երկու աշխատանքի ներկայացում էր:


«Մարքեթինգային հետազոտություններ» առարկայի շրջանակում ներկայացվեց մարքեթինգային հետազոտություն` նվիրված մեղրի տեղական շուկային: Զեփյուռ Զոհրաբյանը, Թամարա Հարությունյանը, Աիդա Մաթևոսյանը, Ելենա Դավթյանը և Հակոբ Բաղդասարյանը իրականացրել էին թիմային մարքեթինգային հետազոտություն` կատարելով նախապատրաստական աշխատանք, հարցումներ, մշտադիտարկում, տվյալների վերլուծություն, ուսումնասիրություն, առաջարկություններ:
Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց այս կուրսի «Մարքեթինգային հետազոտություններ» և «Ֆրանչայզինգ» առարկաների դասախոս, դոցենտ Մարինե Նիկողոսյանը, հետազոտական նմանօրինակ աշխատանքները խթանում են ուսանողների գիտական, վերլուծական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը: «Չորրորդ կուրսեցիների հիմնական թերությունն ավարտական աշխատանքներ պատրաստելիս հենց գիտական վերլուծության բացակայությունն է, երբ աշխատանքները նկարագրական են կամ ներկայացնում են սոսկ փաստերի արձանագրում: Սեմինար աշխատանքերի` նման մեթոդով անցկացումը նպատակաղղված է ուսանողի մեջ նաև գիտական մտածողություն, հետազոտողի հմտություններ ձևավորելուն»,- ասաց Մարինե Նիկողոսյանը: 
Աշխատանքային երկրորդ խումբը` Արշալույս Հայրապետյանը, Սոնա Մինասյանը և Աննա Դադալյանը, ներկայացրեցին, թե ֆրանչայզինգային բացառիկ պայմանագրով ինչպես են Հայաստան ներմուծում պրեմիում դասի շվեյցարական «Lindt» շոկոլադը` դառնալով դրա պաշտոնական ներկայացուցիչներ: Այս աշխատանքը կատարված էր «Մարքեթինգային հետազոտություններ» և «Ֆրանչայզինգ» առարկաների շրջանակներում: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին