Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսը ՀՊՏՀ–ում ներկայացրեց 2012թ. ամառային դպրոցի ծրագիրը
ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում այսօր տեղի ունեցավ հանդիպում Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսի և այս ուսումնական հաստատության հայաստանյան ներկայացուցիչ Prosper կրթական–հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Հրայր Գյոնջյանի հետ:
Սթիվ Ֆիլիպսը, անդրադառնալով Լոնդոնի Րիջընթ Քոլեջի 2012 թվականի ամառային դպրոցի աշխատանքներին, նշեց, որ երիտասարդներին առաջարկվում են անգլերենի բարձրակարգ դասընթացներ` համակցված մի շարք մշակութային և ժամանցային միջոցառումներով: Բանախոսի ներկայացմամբ` Րիջընթ Քոլեջը Լոնդոնում գործող միակ կրթական հաստատությունն է, որը տեղակայված է Անգլիայի Թագուհուն պատկանող 8 այգիներից մեկում` Րիջընթ Փարկում:
Սթիվ Ֆիլիպսի խոսքով` այս տարածքն իր ուսումնական, մշակութային և ժամանցային վայրերով ուսանողական կյանքի համար ապահովում է կատարյալ պայմաններ: Ծրագրի մասնակիցները, 25 այլ երկրներից ժամանած ուսանողների հետ համատեղ, կուսանեն Րիջընթ Քոլեջում և կբնակվեն այս ուսումնական հաստատության տարածքում գտնվող Րեյդ Հոլում: Ուսանողները հնարավորություն կունենան օգտվելու գրադարանից, անլար ինտենետից, ժամանակակից մարզասրահից, մինի ֆուտբոլի դաշտից, թենիսի կորտերից և այլ հնարավորություններից: Անգլերենի ուսուցման այս ծրագիրը կնպաստի գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը և անգլերենի իմացության ընդհանուր մակարդակի բարձրացմանը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության որոշակի մակարդակ, որը ստուգվում է թեստի միջոցով: Սթիվ Ֆիլիպսի խոսքով` անգլերենի ուսուցմանը կհատկացվի 15 դասաժամ, ծրագրի ավարտին ուսանողներին կտրվի վկայական: Դասընթացները կանցկացվեն օրվա առաջին կեսին, ինչը հնարավորություն կընձեռի ցերեկը և երեկոյան այցելել քաղաքի տեսարժան վայրերը:
Րիջընթ Քոլեջի տնօրենը, ներկայացնելով Լոնդոնը որպես մշակութային և տնտեսապես զարգացած քաղաք և տեսապատկերների միջոցով ցուցադրելով քաղաքի դիտարժան վայրերը` համերգասրահները, կինոթատրոնները, մարզասրահները, թանգարանները, շուկաները, ասաց, որ ամառային դպրոցի մասնակիցների համար կկազմակերպվեն այցելություններ դեպի Լոնդոնի տեսարժան վայրեր: Սթիվ Ֆիլիպսը ՀՊՏՀ ուսանողներին հորդորեց հատկապես այս տարվա ամառն անցկացնել Լոնդոնում, քանի որ հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը այստեղ տեղի կունենան ամառային օլիմպիական խաղերը: Ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան զգալու մարզական այս մեծ շքահանդեսի պատճառած ոգևորությունը, կզարգացնեն անգլերենը և կանցկացնեն անմոռանալի ժամանակ: Բանախոսը հայտնեց,որ ՀՊՏՀ ուսանողները կարող են մասնակցել նաև Լոնդոնի Րիջընթ Քոլեջի բակալավրիական և մագիստրոսական ծրագրերին:
Prosper կրթական-հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Հրայր Գյոնջյանը ներկաներին տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունն անվճար կօգնի լուծելու այցելության հրավերի հետ կապված և այլ հարցեր:
Ավարտին Սթիվ Ֆիլիպսը պատասխանեց հարցերի:
Լոնդոնի Րիջընթ Քոլեջի ամառային դպրոցի այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին