Վաղը մեր բուհում կհյուրընկալվի Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսը. ամառային դպրոցի նոր հրավեր

Դիտումների քանակ՝ 1120

ՀՊՏՀ-ում վաղը ժամը 12. 00-ին տեղի կունենա հանդիպում Լոնդոնի Րիջընթ Քոլեջի տնօրեն Սթիվ Ֆիլիպսի հետ, որի ընթացքում կներկայացվի 2012թ. ամառային դպրոցի ծրագիրը և ՀՊՏՀ հետ հետագա համագործակցության հնարավորությունները:

Լոնդոնի Րիջընթ Քոլեջի 2012 թվականի ամառային դպրոցը 16-21 տարեկաններին առաջարկում է անգլերենի բարձրակարգ դասընթացներ` համակցված մի շարք մշակութային և ժամանցային միջոցառումներով: Ծրագրի մասնակիցները 25 այլ երկրներից ժամանած ուսանողների հետ համատեղ կուսանեն Րիջընթ Քոլեջում և կբնակվեն այս ուսումնական հաստատության տարածքում գտնվող Րեյդ Հոլում: Ուսանողները հնարավորություն կունենան օգտվելու գրադարանից, անլար ինտենետից, ժամանակակից մարզասրահից, մինի ֆուտբոլից, թենիսի կորտերից և այլ հնարավորություններից: Անգլերենի ուսուցման ծրագիրը նպաստում է գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը և անգլերենի իմացության ընդհանուր մակարդակի բարձրացմանը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության որոշակի մակարդակ, որը ստուգվում է թեստի միջոցով: 
Անգլերենի ուսուցմանը կհատկացվի 15 դասաժամ, ծրագրի ավարտին ուսանողներին կտրվի վկայական: Դասընթացները կանցկացվեն օրվա առաջին կեսին, ինչը հնարավորություն կընձեռի ցերեկը և երեկոյան այցելել քաղաքի տեսարժան վայրերը:
Ծրագիրը կմեկնարկի երկու փուլով` հուլիսի 15-ին և հուլիսի 29-ին, կավարտվի համապատասխանաբար հուլիսի 28-ին և օգոստոսի 11-ին:
Մանրամասների համար կարող եք այցելել www.prosper.am: 
Հարգելի ՀՊՏՀ–ականներ, վաղվա հանդիպմանը կարող եք ծրագրի մասին ավելի մանրամասն հետաքրքրվել։

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին