Անգլերենի դասընթացներին մասնակից ՀՊՏՀ դասախոսները ստացան հավաստագրեր
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ նախաձեռնությամբ կազմակերպված անգլերենի դասընթացների առաջին փուլն ավարտած դասախոսների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՊՏՀ պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Միհրդատ Հարությունյանը, դասախոսներ:
«Դեռևս դեկտեմբերին անցկացրեցինք անգլերենի մեկնարկային թեստավորում, որի արդյունքներով, ըստ լեզվիմացության, դասակարգվեցին ուսումնական խմբերը: Հունվարի 16-ին մեկնարկեցին կազմավորված տարբեր մակարդակների դասընթացները, որոնք ավարտվեցին մայիսի 8-ին: Այսօր հավաստագրեր ստացան դասընթացի 49-ը մասնակից»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց դասընթացների համակարգող, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս Մագդա Արզաքանյանը և հավելեց, որ գոհ են բոլոր մասնակիցներից: Նրա խոսքով` դասախոսների` անգլերեն սովորելու մեծ ձգտումը, ոգևորությունը դրական լիցքեր է հաղորդել դասընթացը վարող բոլոր ուսուցիչներին:
Դիմելով մասնակիցներին` ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը նշեց, որ անգլերենի իմացությունը դասախոսների առջև կբացի զարգացման ու առաջխաղացման նոր հեռանկարներ, հնարավորություն կստեղծի ներգրավվելու դասախոսների փոխանակման, համալսարանում մեկնարկող պիլոտային ծրագրերում, հետազոտական գլոբալ ցանցում, թույլ կտա արտահանելու մեր կրթությունը: «Ամենակարևորը` դուք հասկացաք, որ սովորել և գիտելիք կարելի է ձեռք բերել ցանկացած տարիքում և հաղթահարեցինք անգլերենով խոսել չկարողանալու ձեր բարդույթը»,- դիմելով մասնակիցներին` ասաց Գագիկ Վարդանյանը և տեղեկացրեց, որ դասընթացները կկրեն շարունակական բնույթ. դրանք կվերսկսվեն սեպտեմբերին: Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ Սուսաննա Չալաբյանին` այս նախաձեռնության իրականացմանն օգնելու ու աջակցելու համար:
Մասնակիցներին ողջունեց և բարեմաղթանքներ հղեց նաև ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:
Հանդիսավոր արարողության ավարտին Գագիկ Վարդանյանն ու Մագդա Արզաքանյանը մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին