Հարգանքի տուրք և ոգեկոչման արարողություն՝ «Եռաբլուր» փառքի պանթեոնում
Մեր համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված՝ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՊՏՀ 200 ուսանող սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորել է «Եռաբլուր» փառքի պանթեոնում: Համալսարանականները ծաղկեպսակներ են դրել ազատամարտիկների շիրիմներին, մոմեր վառել, ոգեկոչել նահատակների հիշատակը, այնուհետև հոգևոր այրերի առաջնորդությամբ սուրբ աղոթք հղել առ Աստված:
ՀՊՏՀ դասախոս Հարություն Արզումանյանն ընթերցել է ՀՀ անկախության հռչակագիրը, ապա ուսանողները միասնաբար հնչեցրել են հայոց օրհներգը:
ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը, արժևորելով անկախություն գաղափարը, կարևորել է հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառումները, նշել, որ դրանք տարեցտարի ավելի շատ ուսանողների են համախմբում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին