ՀՊՏՀ-ում տեղի ունեցան ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումներ. հյուրընկալվեց պաշտպանության փոխնախարարը

Դիտումների քանակ՝ 2698

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացան Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումներ՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառումների առթիվ համալսարան այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, որոնց դիմավորեցին և միջոցառման ընթացքում ուղեկցեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Պարույր Քալանթարյանը, Միխաիլ Կարապետյանը և Սևակ Խաչատրյանը: Հանդիսությանը մասնակցեցին դեկաններ, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի աշխատակիցներ, մեծ թվով ուսանողներ:

Հյուրերն այցելեցին Արցախյան պատերազմում զոհված ՀՊՏՀ ուսանող-ազատամարտիկների անվան, ապա Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված լսարաններ, որոնց ստեղծումը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գովելի նախաձեռնություն որակեց: Այս լսարանում տրվեց մեկ այլ նախաձեռնության մեկնարկ՝ ՀՀ դրոշի վրա ստորագրեց ՀՊՏՀ ուսանող, Քառօրյա պատերազմի մասնակից, Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, ՀՊՏՀ Նժդեհ ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Հարություն Բադալյանը, որից հետո նախաձեռնության հեղինակները պատրաստվում են դրոշը պտտել ամբողջ հանրապետությունում, վերցնել Քառօրյայի մասնակից մյուս հերոսների ստորագրություններն  ու դրոշը վերադարձնել ՀՊՏՀ:  Համալսարանի բակում հյուրերը ծանոթանացան Անկախության տոնի առթիվ կազմակերպված «Անկախությունն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթի արդյունքում ստացված լուսանկարներին, ապա ականատեսը եղան ուսանողների ֆլեշմոբին, որից հետո հնարավորություն ունեցան կրակելու ՀՊՏՀ հրաձգարանում:

Միջոցառումը շարունակվեց ՀՊՏՀ մեծ դահլիճում, որին մասնակցեցին դեկաններ, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի աշխատակիցներ, մեծ թվով ուսանողներ: Ելույթով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին ու նրա առաջին տեղակալին՝ այս բազմազբաղ օրերին ժամանակ գտնելու և մեր համալսարանի նախաձեռնած միջոցառմանն արձագանքելու համար: Ռեկտորը անդրադարձավ ՀՊՏՀ-ում ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին, բուհի և ուսանողության գործունեությանը:  «Զորամասեր այցելությունները, ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպումը, զինված ուժերի կողմից տարատեսակ միջոցառումներին ներգրավելը վկայում են այն մասին, որ մեր համալսարանականների համար հարազատ է «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը:

Մեր աշխատակազմը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը պատրաստակամորեն է արձագանքում Հայոց բանակին վերաբերող բոլոր խնդիրներին ու նախաձեռնություններին, զգայուն է զինված ուժերում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Սրա վառ վկայությունն է Ապրիլյան քառօրյա պատերազմը, որը միասնականացրեց ոչ միայն ամբողջ հայությանը, այլև մեր համալսարանի կոլեկտիվին և ուսանողությանը: Սա ծանր պահերին բռունցքվելու մեր ժողովրդի կարողության ու  նվիրումի վառ օրինակ էր»,- հայտարարեց համալսարանի ռեկտորը:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը իր խոսքում ընդգծեց, որ բուհ-բանակ, ուսանող-զինվոր կապի ամրապնդումն իրենց գործունեության առանցքային ուղղություններից է, ապա ներկայացրեց ՀՊՏՀ ՈՒԽ գործունեության մասին պատմող տեսանյութ: Ուսանողական խորհրդի առաջին ուսանողական ալիքը հանդես եկավ իր նոր՝ «Անվանականչ» հաղորդման անդրանիկ թողարկմամբ, որով անդրադառնալու է ՀՊՏՀ ծառայող զինվորներին: Առաջին հաղորդումը նվիրված էր  բանակում ծառայող ՀՊՏՀ ուսանողներ (հետախույզներ) Վլադիմիր Վարդանյանին,  Նվեր Պետրոսյանին և  Ամիրան Դանիելյանին:

Ելույթով հանդես եկավ նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ նախ հրապարակելով լուսանկարչական մրցույթի հաղթողի անունը՝ Նելլի Շառյան, ապա նրան մրցանակ հանձնելուց հետո դիմեց դահլիճին՝ շնորհակալություն հայտնելով Անկախության օրվա առթիվ կազմակերպված տպավորիչ միջոցառումների և բանակի հետ կապված հետևողական ծրագրերի իրականացման համար: Արտակ Զաքարյանն անդրադարձավ անկախության արժեքին, բանակի նշանակությանը՝ ընդգծելով, որ որքան էլ բանակը հասարակության հայելին է, այդուհանդերձ չպետք է կրավորական կեցվածքով վերաբերվենք առկա խնդիրներին, այլ պետք է ստանձնենք պատասխանատվություն, որպեսզի բանակը դառնա հասարակության լավագույն և անթերի մասը: Նախարարի առաջին տեղակալը սիրով պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Միջոցառումն ամփոփեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նախ շնորհավորելով Արտակ Զաքարյանին՝ օրենսդրական տևական աշխատանքից հետո պաշտպանության նախարարությունում աշխատանքի անցնելու առթիվ՝ ընդգծելով նրա մարդկային որակներն ու արժանիքները, ապա համալսարանի անունից հանձնեց հուշանվեր՝ մաղթելով, որ հավատը և գիտելիքը այսուհետ ևս ուղեկցեն մեր ժողովրդին և զինված ուժերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակության հետ կապերի բաժին