ՀՊՏՀ աշխատակիցները Արցախում մասնակցել են երիտասարդական միջազգային գիտաժողովի
Արցախում սեպտեմբերի 14-17-ը տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով երկրորդ միջազգային երիտասարդական գիտաժողովը, որին մեր բուհից մասնակցել են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի հետազոտող, տ.գ.թ. Գայանե Թովմասյանը և որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Աննա Փախլյանը:
«Արցախը՝ հանուն խաղաղության, ճանաչում՝ հանուն խաղաղության» կարգախոսով գիտաժողովին մասնակցել են շուրջ 60 գիտնականներ, մասնագետներ ու վերլուծաբաններ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից և Արցախից։ Գիտաժողովի աշխատանքներն ընթացել են իրավագիտության, քաղաքագիտության, տնտեսագիտության, պատմության, հոգեբանության և լրագրության բաժանմունքներում, ԱՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Այս մասին մեզ տեղեկացնում են ՀՊՏՀ մասնակիցները:
Գայանե Թովմասյանը հանդես է եկել «Զբոսաշրջության զարգացումը որպես Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ճանաչման գրավական» թեմայով զեկուցմամբ:
«Զեկույցում քննարկվել է զբոսաշրջության ոլորտի առկա վիճակը Արցախում, ոլորտի պետական քաղաքականության նպատակները և մարքեթինգային քաղաքականությունը, դիտարկվել է վճարային հաշվեկշռի ճանապարհորդություն ենթահաշիվը, որի հիման վրա հաշվարկվել է մեկ զբոսաշրջիկի ծախսած միջին գումարը: Վերլուծվել են զբոսաշրջության հիմնական տեսակների՝ պատմամշակութային, կրոնական, առողջարանային, ագրո- և էկո-, քաղաքային, սպորտային և արկածային, զարգացման նախադրյալները, ռեսուրսային հնարավորությունները, հիմնական զբոսաշրջային վայրերը Արցախում՝ մատնանշելով հիմնական քայլերը՝ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ»,- մասնավորեցնում է հեղինակը:
Աննա Փախլյանը ներկայացել է «ԱրցախիՀանրապետության միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները» զեկուցումը, որտեղ, նրա խոսքով, ցույց է տրվել Արցախի Հանրապետության՝ միջազգային իրավունքի սուբյեկտի դերում հանդես գալու իրավական հիմքերն ու դրանց համապատասխանության վերաբերյալ տնտեսական հիմնավորումները:
Անկախ դիվանագիտական հարաբերությունների առկայությունից՝ երկրի փաստացի առևտրային հարաբերությունները 22 գործընկեր երկրների հետ Աննա Փախլյանը դիտարկել է որպես այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու կարողության հիմնավորում, ինչը պետականության հռչակման կարևոր գործոններից մեկն է: Հոդվածում երկրի միջազգային ճանաչումը խթանելու նպատակով կարևորվել է համագործակցությունը միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ, որոնց միջոցով Արցախի խնդիրներն ու դիրքորոշումները հասանելի կլինեն միջազգային հանրությանը:
Երիտասարդական միջազգային գիտաժողովը կազմակերպել է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանու«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-իֆինանսական աջակցությամբ։
Մասնակիցները նաև ներկա են գտնվել Տողի մելիքական ապարանքում կազմակերպված արցախյան գինու 4-րդ փառատոնին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին