Հանդիպում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ
Մարքեթինգային հետազոտություններ և հաղորդակցություններ մասնագիտացման 1-ին և 2-րդ կուրսի մագիստրանտներին մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ այսօր հյուրընկալվեց տեղեկատվական անվտանգության և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով բանախոսեց սոցիալական մեդիայում մարքեթինգի ապագայի մասին: Ներկա էին մարքեթինգի ամբիոնի դասախոսներ՝ ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանի գլխավորությամբ, աշխատակիցներ:
Փորձագետը, ում այցը ակնհայտորեն սպասված և հաճելի էր լսարանի համար, անդրադարձավ համացանցի ներկա դերակատարմանը՝ ընդգծելով, որ եթե նախկինում ինտերնետ ասելով հասկացվում էր համակարգիչ, ապա այսօր համացանցը դրանք մեր հեռախոսներն են, տարատեսակ սմարթֆոնները, որոնք «մարդկանց դարձրել են համացանցի պարբերական մասնակից»: Նրա խոսքով՝ համացանցի այսօրվա զարգացումները արագ են և սպեկուլյատիվ, իսկ փոփոխություններն էլ այնքան արագ են, որ տեխնիկական լուծումները սկսում են կաղալ: «Օրինակ, այսօր վերջացել են աշխարհի IP հասցեները»,- նկատեց Սամվել Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է սոցիալական մեդիայի բովանդակությանը՝ փորձագետը նշեց, որ միտումները հետևյալն են՝ սկզբում արտադրվում էին ահռելի քանակի լուսանկարներ, իսկ հիմա հիմնական բովանդակությունը տեսանյութերն են, «շարժը գրավոր խոսքից անցումն է դեպի վիդեոյի»:
Սամվել Մարտիրոսյանը խոսեց համացանցի վրա ժողովրդագրական փոփոխությունների ազդեցության, ինտերնետ կապի տարածվածության, սոցիալական հարթակների առանձնահատկությունների մասին. «Ֆեյսբուքում շատ են նաև ավագ տարիքի մարդիկ, իսկ Ինստագրամում քիչ են 35 տարեկանից բարձր օգտատերերը»: Այդուհանդերձ մասնագետը կարծում է, որ սոցիալական մեդիայի հայկական տիրույթում գերիշխում է Ֆեյսբուքը, հետո Ինստագրամը և որպես նոր միտում՝ Յութուբը:
Լսարանը հետաքրքրված էր Սամվել Մարտիրոսյանի դիտարկումներով, հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց մեր հյուրը պատասխանեց պատրաստակամորեն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին