Հանդիպում արվեստի հետ. ՀՊՏՀ-ում էր գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 3149

ՀՀ և ԱՀ անկախության տոների առիթով Հայաստանում է արցախցի ճանաչված գեղանկարիչ, նյույորքաբնակ  Ռուդիկ Պետրոսյանը: Առաջիկայում և՛ ծննդավայրում, և՛ Հայաստանում նա հանդես կգա իր կտավների ցուցադրություններով:

Գրող, հրապարակախոս «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանի նախաձեռնությամբ և ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի աջակցությամբ այսօր մեր բուհում տեղի ունեցավ գեղանկարչի հետ հանդիպում: Նկարչին մեծ հանդիսասրահում հյուրընկալեցին ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ: Հյուրերի շարքում էին ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, պետական-քաղաքական գործիչ, ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը, Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Քրիստինե Օհանջանյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ընդգծելով, որ նոր ուսումնական տարեսկզբին մեր բուհում հյուր է ոչ թե տնտեսագետ, քաղաքական կամ հասարակական գործիչ, այլ մարդ, ով խոսում է գույների լեզվով: «Հպանցիկ ծանոթությունն անգամ սիրտդ բերկրանքով է լցնում, որ ունենք արվեստագետ, ով լուռ իր գործին է, բայց իր կտավներով շատ ավելին է անում՝ աշխարհին տեսանելի ու հասանելի դարձնելով իր ծննդավայրի բույրերն ու գույները, ցավն ու հպարտությունը»,-ասաց Կորյուն Աթոյանը՝ այնուհետև արժևորելով Ռուդիկ Պետրոսյանի  ստեղծագործական ճանապարհը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Տիգրան Նիկողոսյանը: Նա անդրադարձավ Ռուդիկ Պետրոսյանի ձեռքբերումներին, խոսեց նրա հայտնի կտավների մասին ու վերլուծեց դրանց խորհուրդը: Խմբագիրը հավելեց, որ գեղանկարիչը շուտով հանրությանը կներկայացնի «Ես իմ անուշ Հայաստանի» քառաթև կտավը:

Երախտագիտական խոսք ասացին Հրանտ Թադևոսյանը, Մկրտիչ Մինասյանը: Քրիստինե Օհանջանյանը, Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անունից, Ռուդիկ Պետրոսյանին պարգևատրեց Վասիլի Կանդինսկու շքանշանով:

Իր խոսքում գեղանկարիչը պատմեց Նյու Յորքում իր ստեղծագործական ուղին սկսելու, արվեստագետի  կայացման ճանապարհին հանդիպող խոչընդոտների  և այլնի մասին:

Ուսանողներից մեկը հարց ուղղեց գեղանկարչին՝ ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին: Ի պատասխան Ռուդիկ Պետրոսյանն ասաց, որ առողջ քննադատությունը մարդուն առաջ տանող, զարգացնող երևույթ է և իր առաջին ու ճշմարիտ քննադատը իր կինն է:

Հանդիպման ավարտին ՀՊՏՀ ռեկտորը հայտարարեց, որ բուհի գիտական խորհրդի և ռեկտորատի որոշմամբ գեղանկարիչ, արվեստի վաստակավոր պրոֆեսոր Ռուդիկ Պետրոսյանին շնորհվում է «ՀՊՏՀ պատվավոր բարեկամի» կոչում, ապա հանձնեց հավաստագիրը: Եզրափակելով արվեստաշունչ միջոցառումը՝  Կորյուն Աթոյանը կարևորեց մեր ազգակից հայտնի արվեստագետների հետ հանդիպումների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք խիստ կարևոր են երիտասարդ սերնդին համակողմանիորեն կրթելու գործում:

Ստորև ներկայացնում ենք գեղանկարչի աշխատանքներից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին