ՀՀ ֆինանսական շուկայում կնքված գործարքների օգոստոսյան ամփոփումը ներկայացնում է «Ամբերդը»

Դիտումների քանակ՝ 2020

ՀՊՏՀ  «Ամբերդ»  հետազոտական կենտրոնն ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկայում օգոստոս ամսին կատարված գործառնությունները:

Համաձայն ամփոփման՝ օգոստոսին ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացվելիության ավելացման գործիքներից նույնիսկ շաբաթական ռեպո գործարքները չեն կիրառվել: Ինչպես հուլիսին, օգոստոսին ևս, ՀՀ  ԿԲ-ն չի իրականացրել պետական պարտատոմնսերի առք, փոխարենը ներգրավել է դրամական միջոցներ՝ 948.7  մլրդ ՀՀ դրամի չափով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը ամսվա ընթացքում  հիմնականում դրսևորել է նվազման միտում՝ ամսվա վերջին ամսվա սկզբի դրությամբ նվազելով մոտ 0.06% առքի և վաճառքի փոխարժեքների  համար:  Եվրոյի և ռուսական ռուբլու դեպքում փոխարժեքները տարբեր միտումներ են ցուցաբերել. օգոստոս ամսին եվրոն աճել է 2.59%, ռուբլին ` 0.21%:

Ռեպո և  սվոփ գործառնությունների, միջբանկային վարկերի շուկաներում նույնպես ակտիվ է եղել: Արտաբորսայական ռեպոների ծավալը աճել է 11.4%-ով, իսկ Եվրոբոնդերով կնքված ռեպոների ծավալը՝ 5 %-ով: Միջբանկային վարկերի շուկաներում նկատվել են տարբեր միտումներ: ՀՀ դրամով միջբանկային վարկերը նվազել են 30%-ով, իսկ դոլարային վարկերը աճել են 11.9%- ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված սվոփների ծավալը նվազել է 67.5%-ով: Ի տարբերություն նախորդ ամսվա, օգոստոսին եվրոյով  սվոփ գործարքներ չեն կնքվել:

Պետական պարտատոմսերի և' առաջնային, և' երկրորդային շուկաներում հիմնականում գրանցվել է մեծ ակտիվություն և հիմնականում տոկոսադրույքների նվազման միտումներ, ինչի արդյունքում  շրջանառության մեջ եղած կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը օգոստոս  ամսվա  վերջին կազմել է 6.1059 %(հուլիսի վերջին՝ 6.076925): Միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շրջանառության մեջ կազմել է 10.9233%՝ նախորդ ամսվա վերջի 10.90805-ի փոխարեն:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ կտրուկ նվազել է մոտ 3 անգամ, իսկ եկամտաբերությունները, պայմանավորած ֆինանսական շուկաներում եկամտաբերությունների նվազման միտումներով, էականորեն նվազել են: Բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալը կտրուկ աճել է, մոտ  63.8 անգամ՝  նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ: