ՀՊՏՀ շախմատի աղջիկների հավաքականն արժանացավ արծաթե մեդալի
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը շարունակվեց ՀՈՒ (հանրապետական ուսանողական) 13-րդ մարզական խաղերի ծրագրով անցկացվող շախմատի տղաների և աղջիկների թիմային առաջնությունը:
Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց շախմատի տղաների և աղջիկների հավաքականի մարզիչ Լյուդմիլա Հովհաննիսյանը, մեր տղաները խաղացին 5 տուր: Հաղթելով Ֆրանսիական և Հայաստանում ամերիկյան համալսարանների շախմատիստներին՝ ՀՊՏՀ-ն պարտվեց Հայաստանի պետական ճարտարագիտական, հայկական պետական մանկավարժական և Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանների թիմերին: Արդյունքում` տղաների շախմատի ՀՊՏՀ հավաքականը 11 մրցակից թիմերի շարքում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Հուրախություն բոլորիս` ՀՊՏՀ շախմատիստ աղջիկները, ցուցադրելով դիտարժան ու ուշագրավ խաղ, 3:0 հաշվով հաղթեցին Երևանի պետական բժշկական համալսարանի թիմին, 2:1 հաշվով պարտվեցին Երևանի պետական համալսարանի շատ ուժեղ հավաքականին: Երկու օրվա խաղերի արդյունքում` գրանցելով միայն մեկ պարտություն` մեր աղջիկները զբաղեցրին 2-րդ հորիզոնականը և արժանացան արծաթե մեդալի:
Մրցաշարի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Մեր աղջիկներին և նրանց մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս Լյուդմիլա Հովհաննիսյանին արծաթե մեդալներ և դիպլոմներ հանձնեց ուսանողական մարզական ընկերության պատասխանատու քարտուղար Հենրիկ Մոկացյանը: Տեղեկացնենք`մրցաշարում հաղթեց, ոսկե մեդալների ու դիպլոմների արժանացավ Երևանի պետական համալսարանի շախմատի հավաքականը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է արծաթե մեդալակիր մեր շախմատիստներին` Անուշ Սմբատյանին, Լուսինե Թորոսյանին, Անի Թադևոսյանին, Անի Բաղոյանին և մաղթում նորանոր հաղթանակներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին