ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն արժանացավ Հայկյան մրցանակի` «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում

Դիտումների քանակ՝ 835

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի մամուլի և լրատվության հանձնաժողովի նախագահ, «Էկոնոմ պլյուս» ուսանողական ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին եկավ բարձր տրամադրությամբ և բարի լուրով` ձեռքում  պահած Հայկյան մրցանակը: «Այն խորհրդանշում է մեր միասնականությունն և հաղթանակի ձգտումը, որն այսօր ամրագրվեց»,-ասաց նա`տեղեկացնելով, որ այսօր  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Երիտասարդական կենտրոնում կայացել է «Հայկյան մրցանակաբաշխություն –2011-ը»:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, պաշտոնատար այլ անձինք: Մրցանակակիրներին ընտրել էր բուհերի ներկայացուցիչներից կազմված հեղինակավոր մրցատյանը: Սահմանված մեկ տասնյակից ավելի անվանակարգերում ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը  ճանաչվեց «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին»  և արժանացավ մրցանակի ու հավաստագրի: Նշենք, որ իր գոյության 18 տարիների ընթացքում ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը արդեն չորրորդ անգամ է ստանում Հայկյան մրցանակ:

«Շատ կարևոր նվաճում է, այն ոչ միայն գնահատում է մեր կատարած աշխատանքը, այլև պարտավորեցնում է ու լուրջ ազդակ հանդիսանում մեր հետագա գործունեության համար»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին