Համագործացության հուշագիր ՀՀ Ազգային ժողովի և ՀՊՏՀ-ի միջև. «Ամբերդ» հետազոտական կենտրոնը՝ այսուհետ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գիտական խորհրդատու-գործընկեր
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, դոցենտ Արմեն Գրիգորյանը և կենտրոնի մի խումբ հետազոտողներ այսօր հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում: Առիթը համագործակցության հուշագրի ստորագրումն էր ՀՀ Ազգային ժողովի՝ ի դեմս ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՊՏՀ-ի՝ ի դեմս «Ամբերդ» հետազոտական կենտրոնի միջև:
Համագործակցության կողմերին ընդունեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Գագիկ Մելիքյանը, Սերգեյ Բագրատյանը և Գրիգոր Ավալյանը:
Արա Բաբլոյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը որդեգել է նոր մոտեցում՝ սերտ համագործակցություն մասնագիտական կազմակերպությունների հետ, հասարակությանը հուզող գործընթացներին իրազեկություն, ինչը կարևոր է երկրի զարգացման գործում ստանձնած պատասխանատվության պարագայում: ԱԺ նախագահը արդյունավետ աշխատանք մաղթեց որակապես նոր էջ բացող համագործակցությանը և հավաստիացրեց, որ ՀՀ ԱԺ-ն կտա բանալի՝ բացելու աշխարհի լավագույն գրադարանների դռները:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կազմավորման ու կայացման շրջանը, ձեռքբերումներն ու ներկայիս թիմի գործունեությունը՝ հույս հայտնելով, որ օրենսդիր մարմնի համար փորձագիտական աշխատանք կատարելով հետազոտական կենտրոնը կցուցաբերի լավ արդյունք:
Խոսրով Հարությունյանը նշեց, որ այս համագործակցությունը կստեղծի երկխոսության ու բանավեճի յուրատեսակ հարթակ, որը զարգացման համար կարողություններ ու գիտական հենք կձևավորի:
Միքայել Մելքումյանը, ողջունելով համագործակցությունը, նշեց, որ քաջածանոթ լինելով իր հարազատ համալսարանի գիտական ու հետազոտական ներուժին, կարծում է՝ հարկ է հավուր պատշաճի գնահատել նաև երիտասարդ գիտնականների կարողությունները և հավատալ համագործակցության հաջողությանը:
Արմեն Գրիգորյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ կանեն արդարացնելու համար իրենց տրված հնարավորությունը՝ նշելով, որ Հայաստանում սա աննախադեպ համագործակություն է, միաժամանակ՝ իր և գործընկերների համար մեծ պատասխանատվություն և հանձնառություն, քանի որ հանդես են գալու որպես ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական և խորհրդատվական անկախ գործընկեր կառույց և փորձելու են իրենց նպաստը բերել օրենսդրության կատարելագործման և տնտեսագիտական մտքի զարգացման ճանապարհին:
Հանդիպման ավարտին Խոսրով Հարությունյանը և Կորյուն Աթոյանը ստորագրեցին համագործակցության հուշագիրը: Վավերացվեց համագործակցություն, որով ՀՊՏՀ-ն հանդես է գալիս որպես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագիտական և խորհրդատվական գործընկեր: Ըստ այդմ՝ կողմերը նպատակ են հետապնդում տնտեսական քաղաքականության մշակման գործում օգտագործել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին օրենքով վերապահված դերակատարումը և երկխոսություն ձևավորել տնտեսագիտական հանրույթի, քաղաքացիական ներկայացուցիչների և տնտեսական քաղաքականության մշակման պատասխանատուների միջև: Այսպիսով՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը այսուհետ հանդես կգա որպես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գիտական խորհրդատու-գործընկեր:
Մինչ հուշագրի ստորագրումը, ՀՊՏՀ ներկայացուցիչներին իր առանձնասենյակում ընդունել էր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Զրույցի ընթացքում Խոսրով Հարությունյանը կարևորել էր կողմերի արդյունավետ համագործակցությունը օրինաստեղծ և գործնական դաշտում, հույս հայտնել, որ ՀՊՏՀ գիտնականները առավելագույնս կդրսևորեն իրենց մասնագիտական ներուժը և հայեցակարգային մոտեցումներում կդրսևորեն գիտնականի սկզբունքայնություն և կառուցողականություն:
Ռեկտոր Կորյուն Աթոյանն իր խոսքում ընդգծել էր համագործակցության շրջանակներում մասնագիտական ճկուն փորձագիտական թիմ ձևավորելու անհրաժեշտությունը, որի ձեռքը մշտապես կլինի տնտեսության զարկերակին, և որը կարձագանքի տարբեր ոլորտներում ծագող հիմնահարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին