ՄՏՀ ամբիոնի ներկայացուցիչները բանախոսել են օտարերկրյա բուհերում և առաջարկում են ՀՊՏՀ-ում կրթական նոր փորձ ներդնել
ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյանը և ասիստենտ, տ.գ.թ. Սուսաննա Աղաջանյանը «Էրազմուս+» ծրագրով ապրիլ-մայիս ամիսներին բանախոսել են եվրոպական համալսարաններում:
Դիանա Գալոյանը մայիսի 8-12-ը Աթենքի (Հունաստան) տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում դասախոսել է «ԵՄ շրջանակներում արժութային միության ձևավորման հեռանկարները», «ԵՄ-ԵԱՏՄ համեմատական վերլուծություն» թեմաներով:
Սուսաննա Աղաջանյանը ապրիլի 23-30-ը գտնվել է Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում (Լեհաստան) և բակալավրական ու մագիստրոսական կուրսերում հանդես եկել «ՀՀ տնտեսության մրցունակությունը»և «ՀՀ արտաքին առևտուրը» թեմաներով, ընդ որում՝ 2-րդ թեմայի շրջանակում առանձնահատուկ անդրադարձ է կատարել Հայաստան-Լեհաստան առևտրային գործակցությանը:
ՀՊՏՀ պատվիրակը լսարանի ուշադրությանն է ներկայացրել նաև մեր համալսարանի, ինչպես նաև Հայաստանի մասին պատմող տեսանյութեր: «Հատկապես միջազգային խմբի ուսանողները հետաքրքրվում էին Հայաստանում տուրիզմի զարգացման հնարավորություններով, ոլորտում առկա խնդիրներով: Նրանք ցանկանում էին ծանոթանալ մեր երկրի տեսարժան այն վայրերին, որոնք զբոսաշրջիկների հետաքրքրության կենտրոնում են»,-ընդգծեց ասիստենտը:
Այսօր միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի նիստում ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց այցի հիմնական արդյունքները՝ ներկայացնելով արտասահմանյան բուհերի լավագույն փորձը և հանդես գալով այն տեղայնացնելու առաջարկություններով: Օրինակ, Դիանա Գալոյանն առաջարկում է փորձնական ուսումնական ծրագիր ներդնել՝ սեմինարների ձևաչափը դարձնելով ավելի գործնական: Իսկ Սուսաննա Աղաջանյանը նշել է, որ լեհ դասախոսները մշակել են, այսպես կոչված, մտավոր սեփականության արդյունքների օգտագործման հայեցակարգ, որը կարգավորում է հեղինակի (աղբյուրի) և օգտագործողի հարաբերությունները և այսօր քննարկման է ներկայացրել այս փորձը ՀՊՏՀ-ում ներդնելու նպատակահարմարությունը:
Սուսաննա Աղաջանյանը մեզ տեղեկացրեց նաև, որ հունիսի 5-9-ը մասնագիտական վերապատրաստում է անցել Ֆրանսիայում. մասնակցել է «Pebeo» ընկերության կազմակերպած «Product development and management» խորագրով վերապատրաստման դասընթացին, որի ավարտին ստացել է դիպլոմ:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում «Էրազմուս +»-ի ծրագիրը համակարգում է արտաքին կապերի բաժին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին