ՀՊՏՀ-ում ավարտվեց քաղծառայողների վերապատրաստման դասընթացների գարնանային փուլը. հանձնվեցին հավաստագրերը

Դիտումների քանակ՝ 2739

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի 2017թ. մրցույթում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 3 ծրագիր է շահել, որոնցով վերապատրաստում է իրականացնում («Վիճակագրական վերլուծության մեթոդներ», «ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական միությունը», «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործում»): Դասընթացների գարնանային փուլն ավարտվեց այսօր՝ հավաստագրերի հանձնման արարողությամբ, որին ներկա էին մեր համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար Դիանա Գալոյանը (նրանք վարել են դասընթացները), շարունակական կրթության և կարիերայի բաժնի  պետ Աիդա Առուստամյանը:

Հանձնելով հավաստագրերը՝ ՀՊՏՀ ներկայացուցիչները շնորհավորեցին  քաղծառայողներին և խնդրեցին հանդես գալ նկատառումներով և առաջարկություններով: Ի պատասխան՝ վերապատրաստվածները հիմնականում գոհունակություն հայտնեցին դասընթացներին հնչած բանախոսությունների վերաբերյալ:

Այսպիսով՝ գարնանային փուլում 2 խմբով վերապատրաստվել են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների բարձրագույն և գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող 70 քաղծառայող (յուրաքանչյուր խմբում 35 հոգի):

2-րդ խմբում վերապատրաստվել են բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղծառայողներ:

Հիշեցնենք, որ դասընթացները կազմակերպել է ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը: Աիդա Առուստամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դասընթացները կվերսկսվեն սեպտեմբերին:

Շնորհավորում ենք վերապատրաստվածներին և մաղթում մասնագիտական նոր առաջընթացներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին