«Level - up» գիտաժողովն ամփոփվել է հավաստագրերի հանձնման արարողությամբ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 26-ին մեկնարկած «Level - up» միջազգային ուսանողական եռօրյա գիտաժողովը երեկ ավարտվել է՝ երեք բաժանմունքներում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների պարգևատրման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՈւԽ-ից, «ֆինանսական հատվածի զարգացման հնարավորությունները» խորագիրը կրող բաժանմունքում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Վարդիթեր Հովհաննիսյանը` «Բանկերի դերը տնտեսության ֆինանսավորման գործընթացում», երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են ՀՊՏՀ ուսանողներ Նարեկ Կարապետյանն ու Մարի Եղիազարյանը:
«ՀՀ սոցիալ-տնտեսական մարտահրավերները» բաժանմունքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՀՊՏՀ մագիստրանտ Վալերիա Նահապետյանը` «Զբոսաշրջային կլաստերների ձևավորման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով զեկուցման համար, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականներում են` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողուհի Իռա Փանոսյանն ու Հայ-ռուսական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Արման Ավետյանը:
Վերջին` «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը» բաժանմունքում լավագույնը ճանաչվել է ՀՊՏՀ ասպիրանտուրայի 2-րդ կուրսի ոսանողուհի Անի Խաչատրյանի ներկայացրած գիտական աշխատանքը` «Սոցիալ-տնտեսական վերափոխումների արդյունքների գնահատումը գործոնային վերլուծության գործիքակազմի կիրառմամբ», իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղել են ՀՊՏՀ ուսանողուհի Սոնա Սարգսյանը և Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի Թամար Շենգելիան: Բոլոր հաղթողները պարգևատրվել են պլանշետներով:
Մրցանակներն ու հավաստագրերը գիտաժողովի մասնակիցներին հանձնել են ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի փոխնագահ Գրիշա Ամիրխանյանը և նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ովքեր իրենց ելույթներում մեկ անգամ ևս կարևորել են այսպիսի գիտաժողովների դերն ու անգնահատելի նշանակությունը ուսանողների կյանքում` խոստանալով, որ նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու:
Հիշեցնենք, որ «Տնտեսագիտությունն ավելի լավ տնտեսություն ունենալու համար» խորագրով գիտաժողովին մասնակցում էին շուրջ 100 ուսանող ու երիտասարդ գիտնականներ: Գիտաժողովի երկրորդ օրը նրանց այցելեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՊՏՀ ՈՒԽ-ից:
՝ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին