Ամրապնդվող փոխգործակցություն. «Ինգո Արմենիա»-ում վարպետության դասընթաց անցած 14 ուսանողի հավաստագրեր հանձնեցին
ՀՊՏՀ-ի և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության համագործակցության շրջանակում, արդեն 3-րդ անգամ, ապահովագրական գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների համար ընկերությունում կազմակերպվում են վարպետության դասեր, որտեղ բանախոսություններով հանդես են գալիս ընկերության տարբեր բաժինների ներկայացուցիչները: Այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում դասընթացներին մասնակցել է բարձր առաջադիմություն ունեցող ՀՊՏՀ 14 ուսանող: Ապրիլին մեկնարկած վարպետության դասերն ավարտվեցին այսօր՝ հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին մեր համալսարանի բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը, «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արևշատ Մելիքսեթյանը, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Նառա Զուրաբյանը, աշխատակիցներ: Ողջունելով ուսանողներին՝ Արևշատ Մելիքսեթյանը նշեց, որ հավաստագրեր ստացած ուսանողները հնարավորություն կստանան ամռանը ընկերության տարբեր բաժիններում փորձառություն անցնելու և թափուր հաստիքների առկայության դեպքում առաջնահերթ կդիտարկվեն նրանց ինքնակենսագրականները:
Գործադիր տնօրենի խոսքով ՝ապահովագրական շուկան միշտ կարիք ունի երիտասարդ ու բանիմաց աշխատակիցների և շուկայում աշխատավարձը մրցակցային է:
Դասընթացներն ավարտելու առթիվ ուսանողներին շնորհավորեց Աննա Ասլանյանը՝ կարևորելով համալսարան-գործատու արդյունավետ համագործակցությունը և այս համատեքստում բարձր գնահատելով «Ինգո Արմենիա»-ի հետ գործակցությունը:
Հավաստագրերը հանձնեց Արևշատ Մելիքսեթյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ուսանող Աշոտ Մովսիսյանն ասաց, որ վարպետության դասերը հնարավորություն են տվել ստանալու գործնական գիտելիք ու զարգացնելու մասնագիտական հմտությունները:
«Համալսարանական կրթության մեջ շեշտը դրվում է հիմնականում տեսական գիտելիքի վրա, ուստի այս դասընթացները հիանալի հնարավորություն էին՝ գործնականում ծանոթանալու այն ամենին, ինչը սովորել ենք բուհում: Ապահովագրական գործը հետաքրքիր է, և մասնագիտական աշխատանքի անցնելու ցանկություն կա»:
Մեզ հետ զրույցում Նառա Զուրաբյանը տեղեկացրեց, որ այս դասընթացների ընթացքում իրենք նաև ընտրում են աշխատակիցների, մասնավորապես, բարձր ներուժով ուսանողների թեկնածությունները դիտարկվում են թափուր հաստիքները համալրելու համար:
Ուշագրավ է, որ ըստ ՄՌԿ բաժնի ղեկավարի՝ նախորդ տարիների վարպետության դասընթացներից հետո ընկերությունում աշխատանքի են անցել ՀՊՏՀ 10 ուսանողներ, և ավելին՝ կարիերայի աճ են արձանագրել:
Շնորհավորում ենք ուսանողներին և մաղթում հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին