ՀՊՏՀ-ում շարունակվում է ընդունելությունը. հայտագրվել է 518 դիմորդ

Դիտումների քանակ՝ 4257

Շարունակվում է 2017-2018 ուստարվա համար բակալավրի կրթական ծրագրով  առկա ուսուցման ընդունելությունը (մասնագիտությունները՝ տե'ս ակտիվ հղումով): Տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովում եռուզեռ է. դիմորդները լրացնում են ընդունելության դիմում-հայտերը, առավել մանրամասն տեղեկություններ ստանում ՀՊՏՀ մասնագիտությունների մասին, ծանոթանում  համալսարանական կյանքին, զրուցում ուսանողների հետ և նրանց հարցեր ուղղում. ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր գտնվել է ընդունող հանձնաժողովում, արձանագրել ակնթարթներ:

Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վադիմ Գրիգորյանը՝ մայիսի 5-ից առ այսօր հայտագրվել է 518 դիմորդ:

Պատասխանատու քարտուղարը դիմորդներին հիշեցնում է, որ առկա բակալավրիատում ընդունելությունը կշարունակվի մինչև հունիսի 1-ը, ժամը 18.00-ն ներառյալ և անհրաժեշտ տեղեկություն հաղորդում նաև առկա մագիստրատուրայի դիմորդների համար. «2017-2018 ուստարվա ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի համար փաստաթղթերը կընդունվեն հունիսի 2-ից սկսած: Ընդ որում՝ հունիսի 2-9 ընդունելության 1-ին փուլն է՝ անվճար տեղերի համար, որին կարող են դիմել ՀՊՏՀ 2016-2017 ուստարվա առկա բակալավրիատի  այն շրջանավարտները, որոնց ՄՈԳ-ը, ինչպես նաև  ավարտական աշխատանքի գնահատականը 86 և ավելի է: Հունիսի 2-ից հուլիսի 5-ը  կընդունվեն առկա մագիստրատուրայի վճարովի տեղերի համար դիմում-հայտերը (ընդունելության 2-րդ փուլ): Այս փուլում կարող են դիմել պետական և ըստ մասնագիտությունների  հավատարմագրված ոչ պետական բուհերի տարբեր տարիների շրջանավարտները»:

2017-2018 ուստարվա մագիստրատուրայի մասնագիտությունների ցանկը կհրապարակենք առաջիկայում:

Հիշեցնենք, որ ընդունող հանձնաժողովն աշխատում է ամեն օր, ներառյալ շաբաթ-կիրակի, ժամը 9.00-17.30-ը: Հասցե՝ Նալբանդյան 128, ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ, հեռ. ՝ 593 -473:

Դիմորդներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին