ԿԲ աշխատակիցը՝ տեղեկատվական անվտանգության արդի խնդիրների շուրջ. բաց դաս ՀՊՏՀ-ում
ՏՏ աուդիտի և ռիսկերի կառավարման առանձնահատկությունների և ընդհանրությունների, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության արդի խնդիրների շուրջ այսօր ուսանողների համար բանախոսեց ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչի տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, CRISC, CRMA, CobIT միջազգային որակավորումներ ստացած Կոմիտաս Ստեփանյանը: Բաց դասը կազմակերպել էր կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնը: Հանդիպմանը ներկա էին նշված ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, դասախոսներ: Ուսանող-ունկնդիրները բակալավրիատի և մագիստրատուրայի բարձր կուրսերից էին:
Կոմիտաս Ստեփանյանն իր բանախոսությունն անվանեց «Թվային կյանքի մարտահրավերները»: Անդրադառնալով նոր տեխնոլոգիաների դարաշրջանում մարդկանց կենսաձևին՝ նա ուշագրավ մեջբերում կատարեց. «ըստ գիտնականների՝ այսօր մարդկանց 80 %-ն արթնանալիս առաջինը վերցնում է իր հեռախոսը», ապա նկատեց՝ թերևս, սա արդեն արտացոլումն է այն բանի, թե որքան մեծ է մարդկանց կախումը թվային տեխնոլոգիաներից: Շարունակելով՝ բանախոսը կանգ առավ նորագույն տեխնոլոգիաների միջոցով մարդկանց կյանքը, կազմակերպությունների գործունեությունն ու աշխատանքը հեշտ կառավարելի դարձնելու հանգամանքի վրա: Այս համատեքստում քննարկվեցին տեղեկատվական անվտանգության մերօրյա խնդիրները և թվային դարաշրջանի մարտահրավերները, ընդարձակ անդրադարձ կատարվեց հատկապես հաքերային հարձակումներին (ֆինանսական ոլորտում, սոցիալական ցանցերում և այլն):
ԿԲ աշխատակիցը նաև ուշագրավ վիճակագրական տվյալներ հաղորդեց. օրինակ, 2015 թ. հաքերները գողացել են 169 միլիոն անձնական տվյալ, 2015 թ. հաքերային հարձակումները 40 %-ով ավելի են եղել 2014 թ.-ի նմանատիպ դեպքերից:
Տեղեկատվական հանդիպումը հագեցած էր հարցուպատասխանով:
Նշենք, որ ՀՊՏՀ կառավարչական հաշվառման ամբիոնը, նպատակ ունենալով ուսանողների շրջանում նպաստել ուսումնական նյութերի յուրացմանը և գիտելիքի ամրապնդմանն ու գործնական հմտությունների ձեռքբերմանը, պարբերաբար կազմակերպում է բաց դասեր՝ ամբիոնը տրամադրելով հրավիրված փորձառու մասնագետների:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին