ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչը Չինաստանում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծին նվիրված աշխատաժողովին

Դիտումների քանակ՝ 2440

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Կրթական գործընթացի և տեխնոլոգիաների հետազոտություններ» ծրագրի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Քթոյանը նախօրեին վերադարձել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, որտեղ մասնակցել է երկշաբաթյա աշխատաժողովի: Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի և Ղրղզստանի 25 ներկայացուցիչներ 14 օր մասնակցել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Փոխկապակցված զարգացումը Եվրասիայում» խորագրով սեմինարի, որը նախաձեռնել է Հասարակական գիտությունների չինական ակադեմիան, իսկ կազմակերպել են Ֆինանսական զարգացման, առաջմղման չինական ասոցացիան, վերը նշված ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտն ու միջազգային համագործակցության վարչությունը: Հավելենք, որ մասնակցության ծախսերն ամբողջությամբ հոգացել են կազմակերպիչները:

Այցի, արդյունքների և հետագա անելիքների մասին զրուցեցինք Արմեն Քթոյանի հետ, ով բավական տպավորված էր այցից՝ նշելով, որ երկշաբաթյա սեմինարի ընթացքում իրենք ունկնդրել են Չինաստանի առաջատար համալսարանների գիտնականների, ինչպես նաև չինական մասնավոր խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների դասախոսությունները:

«Չինաստանը հռչակել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որի նպատակը ցամաքային և ծովային ճանապարհներով Չինաստանը Եվրոպային միացնելն է: Եվ այս նախաձեռնության շրջանակներում խնդիր է դրված այս գոտում գտնվող երկրների հետ ինտենսիվացնել հարաբերությունները և զարգացնել երկկողմ, բազմակողմ համագործակցություն: Սա Չինաստանի արտաքին քաղաքականության հենասյուներից է և իրենց մեկնաբանմամբ՝ այս նախագծի իրագործումը կարող է դառնալ գլոբալացման արևմտյան մոդելի այլընտրանք:

Այս գաղափարի ջատագովների համոզմամբ, անհրաժեշտ ու հնարավոր է դիտվում մշակել և կենսագործել երկրների միջև համագործակցության նոր ձևաչափ՝ հիմնված երկկողմ շահի վրա (այլ ձևակերպմամբ՝ համագործակցություն “win-win” սկզբունքով)»,- ներկայացրեց Արմեն Քթոյանը: Նրա խոսքով՝ սեմինարին մասնակցելու համար ընտրվել էին 7 երկրների պետական հատվածի և հետազոտական հանրույթի ներկայացուցիչներ: Ինչպես հայտնի է, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը փորձագիտական խորհրդի նախագահի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Վարդան Աթոյանի ջանքերով սերտ համագործակցություն է սկսել  Հասարակական գիտությունների չինական ակադեմիայի հետ, որից էլ  կենտրոնին ուղարկվել է սեմինարին մասնակցության հրավերը:

Մեր հարցին, թե ինչպիսի՞ դերակատարում է վերապահված «Ամբերդ» հետազոտական կենտրոնին այսօրինակ ծրագրերի մասնակցելիս, Արմեն Քթոյանը պարզաբանեց. «Սեմինարի նպատակը ընտրված երկրների ներկայացուցիչներին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին ծանոթացնելն էր, բացահայտելը, թե տվյալ երկրների հետ այդ ծրագրի իրագործման ընթացքում համագործակցության ինչպիսի հնարավորություններ կան: Նրանք ցանկանում են, որ այս նախագծի մասին իրենց գաղափարը ներդրվի տվյալ երկրների պետական քաղաքականության մեջ, և որպեսզի այդ գաղափարը հեշտությամբ ներկառուցվի երկրների պետական քաղաքականության մեջ, պետք են նախագծին ծանոթ փորձագետներ, գիտնականներ, այսինքն՝ մարդիկ, ովքեր կկարողանան իրենց երկրներում, որպես փորձագետներ, խոսել սույն ծրագրի կարևորության, օգուտների մասին:

Այս առումով, եթե հարցնում եք «Ամբերդի» դերակատարության մասին, կարող եմ ասել, որ «Ամբերդը»  կարող է կարևոր դեր կատարել  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախագծին Հայաստանի մասնակցության կոնկրետ ձևաչափի ու առանձին ծրագրերի վերաբերյալ պետական քաղաքականություն մշակող պատկան մարմիններին փորձագիտական աջակցության ցուցաբերման, նախագծի շրջանակներում Հայաստանի և Չինաստանի համագործակցության ներուժի արդյունավետ օգտագործմանը միտված հետազոտական ծրագրերի կատարման հարցերում»: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտնականի խոսքով, սա լուրջ հնարավորություն է Հայաստանի համար:

Սեմինարի օրակարգը հագեցած է եղել, մասնակիցներն ունեցել են տարատեսակ այցեր, որոնց թվում Շանհայի ազատ առևտրի գոտի, Տիանցզին քաղաքի Բաոդի առևտրային պարկ, նույն քաղաքում՝ տնտեսական զարգացման գոտի, Չինաստանում երկրային դրախտի համարում ունեցող Սուջու քաղաք, որտեղ կա ինովացիոն ուղղվածության արդյունաբերական պարկ: Սեմինարի մասնակիցները ներկա են գտնվել նաև Մետաքսի ճանապարհի ակադեմիայի բացմանը: Այս ակադեմիայի գործունեությունը միտված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգի շրջանակներում ընդգրկված երկրների փոխշահավետ համագործակցությանն աջակցելուն, ինչպես նաև նախագծի իրագործմանը փորձագիտական օգնություն ցուցաբերելուն:

Ինչ վերաբերում է հետագա համագործակցությանը, Արմեն Քթոյանը շեշտեց, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը նախատեսում է համագործակցության պայմանագիր կնքել Հասարակական գիտությունների չինական ակադեմիայի հետ: Ցանկանում ենք ավելի ակտիվացնել համագործակցությունը ինչպես Հասարակական գիտությունների չինական ակադեմիայի, այնպես էլ վերջինիս առանձին մասնագիտացված ստորաբաժանումների հետ, այդ թվում աշխատանքներ են տարվում համագործակցության գործնական և իրավական շրջանակները հստակեցնելու ուղղությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին