ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների հավաքականը՝ 18-րդ հանրապետական խաղերի արծաթե մեդալակիր

Դիտումների քանակ՝ 2162

Մայիսի 1-ին ՀՊՏՀ մարզադահլիճում տեղի է ունեցել ՀՀ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի տղաների վոլեյբոլի առաջնության եզրափակիչ խաղը, որում չեմպիոնի կոչման համար պայքարել են Հայաստանի պետական տնտեսագիտական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների թիմերը: Խաղն ավարտվել է 3:2 հաշվով, ՀՊՏՀ մարզիկները զբաղեցրել են 2-րդ տեղը: Մեր համալսարանի ֆինանսներ մասնագիտության հեռակա 5-րդ կուրսի ուսանող Տիգրան Այվազյանը ճանաչվել է առաջնության լավագույն խաղացող և արժանացել հատուկ մրցանակի:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, բարձր գնահատելով ՀՊՏՀ վոլեյբոլիստների  մարզավիճակը, նշեց, որ թիմն արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է փոխչեմպիոն: «Վոլեյբոլը մեր համալսարանում սիրված մարզաձևերից է, և միջբուհական առաջնություններում վերջին տարիներին  ձեռքբերումներ ունենք, պետք է ձգտենք ավելիին: Նշեմ նաև, որ այսօր մեկնարկում է ֆուտզալի առաջնությունը, որից ևս, մեծ ակնկալիք ունենք»:

Վոլեյբոլի տղաների թիմի մարզիչ, վերոնշյալ ամբիոնի դոցենտ Գագիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՊՏՀ վոլեյբոլիստներն առաջնության ողջ ընթացքում փայլուն խաղ են ցուցադրել:

Թիմի ավագ, սպորտի վարպետ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Արամ Մելքոնյանն էլ կարծիք հայտնեց՝ կարող էին չեմպիոնի տիտղոսը նվաճել, բայց ընդամենը 1 միավորը խանգարեց: «Մեր տղաներն իսկապես սիրում են վոլեյբոլը և լավ մարզիկներ են, արժանի մրցանակակիրներ: Վոլեյբոլն ամենաբարդ մարզաձևերից է, դժվար է 6 հոգով գնդակն օդում պահելը: Այս մարզաձևով զբաղվում եմ ավելի քան 10 տարի, ընդգրկված եմ «ՖԻՄԱ» թիմում: Մեզ  միշտ ոգեշնչելու, լավ մարզավիճակի և մրցանակների համար համալսարանի հավաքականի անունից  շնորհակալություն եմ  հայտնում  մարզիչ Գագիկ Վարդանյանին»:

Հավելենք, որ վոլեյբոլի տղաների առաջնությունը մեկնարկել է ապրիլի 25-ին, մասնակցել են 8 համալսարանական թիմեր: Ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ թիմին և մաղթում մարզական նոր նվաճումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին