ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ

Դիտումների քանակ՝ 2856
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին: Հանդիպմանը քննարկվել են բուհի և Արցախի պետական համալսարանի համագործակցությանն առնչվող հարցեր: 
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրել է Արցախի հետ ՀՊՏՀ կապը՝ նշելով, որ Տնտեսագիտական համալսարանում բարձր հիմքերի վրա է ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրը և այս համատեքստում տասնյակ այցեր են կազմակերպվել ՀՀ և Արցախի զորամասեր: Ապրիլյան Քառօրյային ՀՊՏՀ-ն անարձագանք չի մնացել՝ ուսանողների և աշխատակիցների ջանքերով կազմակերպելով աջակցության տրամադրում, բացի դա, ՀՊՏՀ ռեկտորատը 10 մլն դրամ է փոխանցել Արցախի կառավարությանը: Ռեկտորը շեշտել է, որ կրթության բնագավառում ևս կապերը սերտ են: ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր ունի Արցախի պետական համալսարանի հետ, որի շրջանակներում իրականացվել են դասախոսների փոխադարձ այցեր, դասախոսությունների կազմակերպում, գրքերի և տեխնիկական սարքավորումների նվիրատվություն: Նաև, յուրաքանչյուր տարի ՀՊՏՀ-ն Արցախի պետական համալսարանի գործընկերներին և ուսանողներին հրավիրում է Դիլիջանում գտնվող մարզաառողջարանում հանգստանալու: Փորձ է արվել խորացնելու նաև ՀՊՏՀ-ԱրՊՀ համագործակցությունը գիտահետազոտական համալսարանում: Մեր համալսարանն առաջարկել է Արցախի տնտեսության զարգացմանը միտված որևէ հետազոտություն իրականացնել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում:
Նախագահ Սահակյանը կարևորել է նման փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ երկու համալսարանների միջև կապերը հետևողականորեն կամրապնդվեն ու կընդլայնվեն:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:
Ամփոփելով այցի արդյունքները՝ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը  բարձր գնահատեց Արցախի Նախագահի հետ հանդիպումը՝ նշելով, որ ՀՊՏՀ ջանքերը և Արցախի պետական համալսարանի հետ փոխգործակցությունը Նախագահը բարձր է գնահատել, կարևորել է հետագա գործակցության խորացումը, նաև հայտնել իր աջակցությունը՝ կրթության ոլորտի զարգացմանը միտված  նախաձեռնություններին: Այցի ավարտին Կորյուն Աթոյանը Արցախի Նախագահին համալսարանի կողմից հուշանվեր է հանձնել:
Նշենք, որ վաղը ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը Ջեբրայիլում հանդես կգա մշակութային հագեցած ծրագրով, որի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդնորություններնայստեղ