ՀՊՏՀ-ում մեկնարկել է ամփոփիչ ատեստավորման գործընթացը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 5657

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պատրաստվում է մեծ կյանք ճանապարհել շրջանավարտների հերթական սերնդին: Այսօր մեր համալսարանում մեկնարկել է ամփոփիչ ատեստավորման գործընթացը, և առկա բակալավրիատի 6 մասնագիտությունների գծով ուսանողներ այսօր պաշտպանում են իրենց ավարտական աշխատանքները: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը այցելեց լսարաններ, որտեղ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ներկայությամբ իրենց ավարտական աշխատանքներն էին պաշտպանում ավարտական կուրսերի ուսանողները:

Միջազգային տնտեսական հարաբերությունների առկա բակալավրիատի ուսանողները վաղ առավոտյան լսարանում արդեն փորձարկում էին իրենց աշխատանքների շնորհանդեսները:

Առկա բակալավրիատի մարքեթինգ  մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, տ.գ.թ., դոցենտ Բելլա Գաբրիելյանը արդեն մի քանի տարի է այս մասնագիտության ուսանողներին գնահատելու հնարավորություն ունի:

«Շատ պատրաստված ուսանողներ են այս մասնագիտության ուսանողները, բավական բարձր մակարդակ է, նկատելի է ամբիոնի կատարած հսկայական աշխատանքը անցնող տարիներին: Նաև նկատվում է ուսանողների գիտակցության փոփոխություն. նրանք հասկանում են, որ առանց գիտելիքի չեն կարող իրենց ճանապարհը հարթել, ինչի վկայությունն այն է, որ շատ են պատրաստված ուսանողները»,- ասաց նա:

Պատասխանատու օր է նաև ֆինանսներ և բանկային գործ մասնագիտությունների  4-րդ կուրսերի ուսանողների համար. մեկնարկել են նրանց ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Ֆինանսներ մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության բաժնի պետ, տ.գ.թ., դոցենտ Հայսեր Գասպարյանն է: Մենք զրուցեցինք հանձնաժողովի անդամ, ֆինանսների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի հետ, ով շեշտադրեց, որ հատկապես բարձր առաջադիմություն ունեցողները  ներկայացնում են գերազանց  աշխատանքներ՝ ուշագրավ եզրահանգումներով ու առաջարկություններով:

«Հարկ է նշել, որ ի տարբերություն մագիստրոսական թեզերի, դիպլոմային աշխատանքները, որպես կանոն, վերլուծական բնույթ են կրում, այնուամենայնիվ, մեր ամբիոնը, ավարտական աշխատանքների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել նաև աշխատանքների գիտահետազոտական բաղադրիչի վրա, որպեսզի հանձնաժողովի ուշադրությանը  ներկայացվի  որակյալ աշխատանք»,-նշեց պրոֆեսորը:

Բանկային գործ մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ֆինանսական համակարգի կանխատեսումների բաժնի պետ, տ.գ.թ. Նարեկ Սարգսյանը: Ավարտական աշխատանքն առաջինը պաշտպանեց ուսանողուհի Էլեն Չարխչյանը:

«Ֆակտորինգային գործառնությունների առանձնահատկությունները ՀՀ-ում» թեմայով  հետազոտությունում նա ներկայացրել է մեր երկրի ֆակտորինգային շուկայի առանձնահատկությունները: Պաշտպանության ավարտից հետո մենք զրուցեցինք ուսանողուհու հետ, ով նշեց, որ ակնկալում է բարձր գնահատական, գերազանցության (կարմիր) դիպլոմի հավակնորդ է: Էլենի խոսքով՝ արդեն այսօրվանից սկսելու է աշխատանքի փնտրտուքները. նպատակ ունի աշխատելու հենց մասնագիտությամբ՝ բանկում: «Կարծում եմ, որ ՀՊՏՀ շրջանավարտի կոչումը, մասնագիտական գիտելիքներս ու հմտություններս հնարավորություն են տալիս վստահորեն մուտք գործելու աշխատաշուկա»,- ասաց նա:

Աուդիտ և տնտեսագիտության վերլուծություն մասնագիտությունների պաշտպանությունները ևս մեկնարկել են: Նշված մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում է «ՄԱՊ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը:

Հաշվապահական հաշվառում մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունն այսօր օրվա երկրորդ կեսին մեկնարկեց: Ապագա հաշվապահների անցած 4 տարիների արդյունքը գնահատում էր հանձնաժողովը՝ «Երևան-Աուդիտ-Կոնսալտ» ՓԲԸ տնօրեն, որակավորված աուդիտոր Լևոն Ղոնյանի նախագահությամբ: Հաշվապահների ավարտական աշխատանքների պաշտպանությանը ներկա էր նաև գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:

Տեղեկացնենք նաև, որ առկա բակալավրիատի և մագիստրատուրայի պաշտպանությունները կշարունակվեն մինչև մայիսի 26-ը, իսկ հեռակա բակալավրիատում մեկնարկը կտրվի մայիսի 29-ին:

Ավարտական կուրսերի ուսանողներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին