Ինչպես վերլուծել բիզնես ռիսկերը. գիտական սեմինար

Դիտումների քանակ՝ 2591

ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Ռիսկերի վերլուծություն՝ բիզնես որոշումների կայացման համար» թեմայով գիտական  սեմինար, որը վարեց Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (ՔԱՐԴ) հիմնադրամի  աշխատակից, ծրագրի ղեկավար, ՔԱՐԴ ագրոսերվիս ՓԲԸ զարգացման և բիզնես վերլուծության բաժնի համակարգող, ICARE հիմնադրամի ագրոբիզնեսի ռիսկերի մոդելավորման դասախոս Սոնա Թելունցը: Միջոցառմանը մասնակցում էին մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ  Կարեն Գրիգորյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, մագիստրանտներ:

Բանախոսն ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց բիզնեսում որոշումներ ընդունելիս ռիսկերի վերլուծություն կատարելու առանցքային հարցերի վրա՝ առանձին-առանձին քննարկելով ռիսկերի տեսակները (տնտեսագիտական, շուկայական, ֆինանսական և այլն), ռիսկերի վերլուծության գործիքներն ու մեթոդները: Սոնա Թելունցը ցույց տվեց բիզնես պլանավորման մեջ ռիսկերի մոդելավորման մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս ռիսկը քանակական մեթոդներով ներառել հաշվարկների մեջ և որոշում ընդունողին տալ հստակ թվային այլընտրանքներ։

Հանդիպումն անցավ հարցուպատասխանի և ակտիվ քննարկման մթնոլորտում:

Հիշեցնենք, որ մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկել է գիտական սեմինարների շարք, որի շրջանակում բանախոսում են տարբեր ոլորտի մասնագետներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին