Նախատեսվում է ՀՊՏՀ-ում ներդնել ասպիրանտական կրթական նոր ծրագիր. քննարկումներ «Վերիտասի» շրջանակում

Դիտումների քանակ՝ 2455

ԵՄ Տեմպուսի «Վերիտաս» («Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» (VERITAS)) ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ում մշակվել է «Տնտեսագիտություն» ասպիրանտական կրթական ծրագիրը, կատարվել է խորը ինքնավերլուծություն և SWOT վերլուծություն: Ծրագրի արտաքին փորձաքննություն իրականացնող  փորձագիտական խումբն այսօր ՀՊՏՀ-ում  ողջ աշխատանքային օրվա ընթացքում քննարկեց և գնահատեց դրա կատարման ընթացքը, որակը և ներդրման հնարավորությունը: Հանդիպումներ եղան համալսարանի ղեկավարության, ծրագրի հեղինակների, գիտական ղեկավարների, դասախոսների և ասպիրանտների հետ:

Փորձագիտական խմբի ղեկավարն է ծրագրի կոնսորցիումի անդամ Շվեդիայի տեխնոլոգիական կրթական ինստիտուտի պրոֆեսոր Պետեր Էկբակը, անդամները՝ ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, դոցենտ Թաթուլ Մկրտչյանը, ուսումնամեթոդական աշխատանքների ծառայության ղեկավար Գայանե Մերդինյանը, հայցորդ Լիդա Դիլբարյանը: Խմբի աշխատանքը համակարգում է ՈԱԱԿ ներկայացուցիչ Լիլիթ Պիպոյանը:

Վերոնշյալ ասպիրանտական ծրագրի համահեղինակներն են ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ Պարույր Քալանթարյանը և մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարեն Գրիգորյանը: Այն մշակվել է զալցբուրգյան սկզբունքների հիման վրա, համապատասխանում է եվրոպական և ազգային որակավորումների շրջանակին:

«Ակնկալվում է այն ներդնել ՀՊՏՀ-ում՝ որպես պիլոտային ծրագիր: Նշենք, որ ասպիրանտական սույն ծրագիրը մշակելու ընթացքում կատարվել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն (բենչմարքինգ), այդ թվում՝ դիտարկվել է «Վերիտաս»-ի եվրոպական գործընկեր համալսարանների փորձը: Որպես առավելություն՝ կարող ենք նշել, որ այն կոչված է ապահովելու ասպիրանտական կրթության ուսումնական բաղադրիչի և հետազոտական բաղադրիչի օպտիմալ հարաբերակցություն (30% +70%), գիտական ղեկավարի դերի էական բարձրացում, միջազգայնացման կողմնորոշում, միջդիսցիպլինար առարկաների և հետազոտության ներդրում, նորարարական բնույթի ատենախոսությունների պատրաստում»,-մեզ հետ զրույցում ասաց Կարեն Գրիգորյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին