Քոուչինգ. անձի զարգացման և կատարելագործման արվեստ. սեմինար ՀՊՏՀ ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 2740

«Kaizen Mastery» Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտը, համագործակցելով հայաստանյան տարբեր բուհերի հետ, ուսանողներին է ներկայանում մոտիվացնող սեմինարներով: Ինստիտուտի համահիմնադիր, քոուչ (անձնական աճի մասնագետ) Արևիկ Հայրապետյանն այսօր մեր բուհում հանդես եկավ «Ինչպես կերտել հաջողության սեփական ուղին» թեմայով բանախոսությամբ: Միջոցառումը կազմակերպել էր ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը, որի ղեկավար Աիդա Առուստամյանը ներկա էր:

Ինչպես նշեց բանախոսը, «Kaizen Mastery»-ին առաջնորդվում է բացառապես գիտական հետազոտություններով և վերլուծելով միջազգային կազմակերպությունների կատարած հետազոտությունների արդյունքները՝ տրամադրում է անձի ինքնազարգացմանն ուղղված արժեքավոր խորհրդատվություն:

Բանախոսը համոզմունք հայտնեց, որ այսօր մենք մարդկության պատմության ամենաբարենպաստ ժամանակաշրջանում ենք և առկա են մեր ներուժն առավելագույնս իրագործելու, մեր մեծագույն երազանքները կյանքի կոչելու բազմապիսի հնարավորություններ: Ո՞վ ենք մենք, որքանո՞վ ենք ծանոթ մեր ներուժին ու հնարավորություններին, ինչպիսի՞ միջավայր ենք ստեղծում ինքնազարգացման ու կատարելագործման համար, ի՞նչ արժեքներ ենք կրում, որքանո՞վ ենք փորձում հասնել մեր նպատակներին, ի՞նչ է հաջողությունը. այս և նմանատիպ ճանաչողական հարցերի միջոցով քոուչն ուսանողներին ուղղորդեց դեպի հաջողության ճանապարհ:

Նա կոչ արեց գնահատել տաղանդներն ու շնորհները և զբաղվել սիրելի գործով, այն աշխատանքով, որը խանդավառում է: Հաջողության հասած մարդկանց օրինակով նա ցույց տվեց, որ պետք է հավատալ սեփական ուժերին: «Դուք պետք է հավատաք, որ ընդունակ եք մեծ գործեր անելու, մինչև կկարողանաք անել դրանք»,-հանրահայտ բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խոսքը մեջբերելով՝ քոուչը ոգևորություն առաջացրեց լսարանում: Ոգեշնչված ուսանողները հանդես եկան դիտարկումներով և կարծիքներով, անկեղծորեն խոսեցին իրենց թուլությունների մասին, որոնք խոչընդոտող են ինքնազարգացման ճանապարհին:

«Ուսանողներն այն թիրախային խմբում են, ովքեր ունեն մեծ ներուժ, բայց հաճախ չեն կարողանում կողմնորոշվել՝ ինչպես իրացնել այն և հասնել հաջողության: Բացի դրանից, նրանք շրջապատից, համացանցից շատ դեպքերում ստանում են ապակողմնորոշող տեղեկատվություն, ինչը խանգարում է, և մեր նպատակն է նրանց ուղղորդելը, աջակցելը»,-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Արևիկ Հայրապետյանը:

Աիդա Առուստամյանն էլ հավելեց, որ նաև ոչ ֆորմալ կրթություն ապահովելով՝ ուսանողներին հնարավորություն են ընձեռում նպատակներն իրագործելիս, օրինակ աշխատանք փնտրելիս, կայացման ուղին կերտելիս ծանոթ լինել որոշ ելակետային սկզբունքների:

Հանդիպման ավարտից հետո էլ, ուսանողները հարցադրումներ ներկայացրին քոուչին և քննարկեցին թեմային առնչվող մի շարք հարցեր: Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Առուստամյանը, շնորհակալություն հայտնելով ոգեշնչող բանախոսության համար, Արևիկ Հայրապետյանին նվիրեց իր ձեռքի աշխատանքը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի