ՀՊՏՀ ուսանողներն ու շրջանավարտները մրցունակ են. գործատու
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն այսօր մեր համալսարան էին եկել՝ ուսանողներին իրազեկելու, թե ինչպես կարող են ուսումն ու աշխատանքը համատեղել, գործնական գիտելիք ու փորձ ձեռք բերել: «Խոսքը, մասնավորապես ապագայի գործակալի աշխատանքի մասին է»,-ասաց ընկերության Դեմիրճյան մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղազարյանը, ով և հանդես եկավ բանախոսությամբ՝ ներկայացնելով իրենց ընկերությունն ու պարզաբանելով աշխատանքային առաջարկությունը: ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի կազմակերպած հանդիպմանը ներկա էին ապահովագրական գործ, ֆինանսներ և այլ մասնագիտություններ ուսումնասիրող ուսանողներ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տնօրենի հետ զրուցել է «Ինգո Արմենիա»-ի ընձեռած աշխատանքի հնարավորության առավելությունների, ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության մասին:
«Երիտասարդներին (ուսանողներին) առաջարկում ենք շահավետ, ոչ ֆիքսված գրաֆիկով աշխատանք: Այս դեպքում նրանք են ընտրում՝ որ ժամերին աշխատեն, վաստակում են գումար, զարգացնում մասնագիտական հմտությունները, կարիերա սկսում»,-ասում է գործատուն ու ընդգծում, որ իրենց ընկերության աշխատակիցների շուրջ 50 տոկոսը ՀՊՏՀ շրջանավարտ կամ ուսանող են, իսկ սա, անշուշտ, հավաստիացումն է այն բանի, որ նրանք մրցունակ են:
Վահագն Ղազարյանը շեշտադրում կատարեց այն հանգամանքի վրա, որ կարևորն առաջին քայլն անելն ու աշխատաշուկա մուտք գործելն է. «Ինգո Արմենիա»-ն ճկուն աշխատելաոճ ունի և խրախուսում է բանիմաց ու եռանդուն երիտասարդներին, աջակցում նրանց մասնագիտական առաջընթացին: Օրինակ, ինքն էլ երիտասարդ է և սկսել է ապահովագրական գործակալի աշխատանքից, այժմ արդեն մասնաճյուղերից մեկն է ղեկավարում:
Հանդիպման ավարտին ուսանողներից հավաքագրվել են նրանց ինքնակենսագրականները՝ հետադարձ կապ հաստատելու և աշխատանքային համագործակցությունն սկսելու համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին