Ի նպաստ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարելավման. ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդիպեց ՀՊՏՀ ասպիրանտների և հայցորդների հետ
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Խորեն Մխիթարյանի գլխավորությամբ, այսօր հանդիպեցին ՀՊՏՀ առկա և հեռակա կրթաձևերում ուսանող ասպիրանտների և հայցորդների հետ:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը նախ շնորհավորեց առաջին կուրս ընդունված ասպիրանտներին և հայցորդներին՝ մաղթելով նրանց հաջողություններ, ապա ուշադրություն հրավիրեց մի քանի հանգամանքների վրա, որոնք էական նշանակություն ունեն ասպիրանտական կրթությունն ավարտին հասցնելու գործընթացում:
Ռեկտորը հորդորեց ճիշտ մոտենալ թեմաների և ղեկավարների ընտրության հարցին, հոդվածները հրապարակել ուսումնառության բոլոր տարիներին՝ համաչափության սկզբունքով և չթողնել այդ գործը միայն վերջին փուլին, ապա կոչ արեց ակտիվորեն մասնակցել գիտաժողովների: «Այսինքն՝ դուք ոչ միայն գիտական աշխատանք եք կատարում ու դրանով ավարտում, այլ դուք՝ որպես գիտնականներ, պետք է ճանաչում ունենաք, հաճախ հանդես գաք ձեր մոտեցումների ներկայացմամբ, իսկ դրա լավագույն ճանապարհը գիտաժողովներին մասնակցելն է: Գիտության ճանապարհը բարդ, բայց շատ պատվաբեր ճանապարհ է, և ես համոզված եմ, որ ապագայում գիտնականի բարի համբավը կվերաարժևորվի, այլ ճանապարհ չկա, քանի որ առանց կրթության և գիտության չի կարող զարգանալ տնտեսությունը, չի կարող զարգանալ երկիրը»,- ասաց Կորյուն Աթոյանը:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը իր խոսքում նշեց՝ լրջորեն վերաբերվել ասպիրանտական կրթությանը, քանի որ այն բարձրագույն կրթության 3-րդ աստիճանն է: Պրոռեկտորը ուսումնառության բարելավմանը միտված մի շարք խորհուրդներ տվեց, ապա կոչ արեց՝ ակտիվորեն մասնակցել համալսարանի կողմից իրականացվող միջազգային ծրագրերին, համալսարանական միջոցառումներին, ներգրավվել բուհական կյանքին:
Գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը խոսեց կազմակերպական մի քանի հարցերի շուրջ, ապա հայտնեց, որ նախատեսվում է ՀՊՏՀ-ում հրատարակել «Երիտասարդ գիտնական» գիտական հանդես, որի կայացման համար կարևորվում է երիտասարդ գիտնականների աջակցությունը: Բաժնի պետը առաջարկեց մինչև մայիս գիտական հոդվածներ ներկայացնել:
Ամփոփելով հանդիպումը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը ևս մեկ անգամ շնորհավորեց և մաղթեց արդյունավետ ուսումնառություն՝ հավելելով, որ բուհի ղեկավարությունը շահագրգիռ է խնդիրների լուծման և որակի բարելավման գործում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայանության հետ կապերի բաժին