Մասնագիտական կողմնորոշման աշխատանքները ՀՊՏՀ-ում աննախադեպ աշխուժացել են

Դիտումների քանակ՝ 3073

Դպրոցների և ՀՊՏՀ-ի համագործակցության ծրագրի շրջանակում մեր համալսարանի ներկայացուցիչները շարունակում են բուհ-դպրոց կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումները:

ՀՊՏՀ դասախոսները երեկ դպրոցներում մասնակցել են Գիրք նվիրելու օրվա առիթով կազմակերպված միջոցառումների, գրքեր նվիրաբերել դպրոցական գրադարաններին, ինչպես նաև ավագ դասարանի աշակերտների համար անցկացրել են տեղեկատվական հանդիպումներ: ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը 10 փաթեթ գիրք է տրամադրել դասախոսներին՝ դպրոցներին նվիրելու համար:

Կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանը և լեզուների ամբիոնի դասախոս, վերոնշյալ ծրագրի համակարգող  Լուսինե Կարագուլյանը նախ եղել են  Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Էօրնեկյանի անվան միջնակարգ դպրոց, մասնակցել Գրքի տոնին նվիրված միջոցառմանը և 10 անուն տնտեսագիտական գիրք նվիրել դպրոցի գրադարանին: Մեր ներկայացուցիչները զրուցել են աշակերտների հետ, պատմել Տնտեսագիտական համալսարանի մասին, տրամադրել «Տնտեսագետ» պաշտոնական ամսագրի օրինակներ, պատասխանել նրանց հարցերին: Այցն ամփոփվել է համագործակցության հուշագրի ստորագրմամբ:

Հաջորդիվ դասախոսներն այցելել են Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոց, նվիրել տնտեսագիտական գրքերի փաթեթ:   Նշված  դպրոցների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ՀՊՏՀ-ում աշակերտներին հյուրընկալելու  վերաբերյալ:

Կառավարչական հաշվառման ամբիոնի ասիստենտ Տիգրան Մանուկյանը երեկ եղել է համագործակցության ծրագրի շրջանակում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետին կցված Արմավիրի թիվ 1ավագ դպրոցում, հանդիպել տնօրինության հետ և բուհի անունից գրքեր նվիրել դպրոցին:

Հետաքրքրական է, որ  Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի խնդրանքով ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանի նախաձեռնությամբ դեկանի տեղակալ Կարմեն Գրիգորյանն ու 2 ուսանող եղել են նշված դպրոցում: Մեր պատվիրակները  հանդիպել են աշակերտների հետ և ինտերակտիվ խաղ-շնորհանդեսի տեսքով ներկայացրել տնտեսագիտական մայր բուհը: Ինչպես տեղեկացրեց Կարմեն Գրիգորյանը՝ ուսանողները շնորհանդեսը պատրաստել են մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի ղեկավարությամբ:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին