Դպրոց-համալսարան. սերտացող համագործակցություն
Մեր համալսարանի և ավագ դպրոցների օրեցօր ավելի աշխուժացող համագործակցության շրջանակում այսօր ծրագրի համակարգող, լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը և ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ֆիրուզա Մայիլյանը նույն ֆակուլտետի ուսանողական խորհրդի երեք ներկայացուցիչների՝ Աննա Սանասարյանի, Էլեն Մարկոսյանի և Նորայր Անտոնյանի հետ այցելել են Երևանի թիվ 105 ավագ դպրոց: Այս մասին վերադարձից հետո լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Լուսինե Կարագուլյանը և նշեց. «Մեզ դիմավորեցին դպրոցի տնօրեն Արմինե Սողոյանը և կազմակերպիչ Հասմիկ Մանուչարյանը: Այցելությունը նշանավորվեց նաև համագործակցության պայմանագրի վերակնքմամբ: Այս դպրոց բազմիցս ենք այցելել, սակայն կրկին առիթ ունեցանք հավաստիանալու, որ դպրոցում գործում են լավ ավանդույթներ՝ ուսումնական, մշակութային, մարզական, զգացվում է կազմակերպվածության ու նախաձեռնողականության շունչը:
Համայնքային, քաղաքային, հանրապետական առաջնություններում և օլիմպիադաներում աշակերտները բազմիցս հաջողություններ են գրանցում: Այս մասին մեզ հանգամանորեն պատմեց դպրոցի աշխորհրդի նախագահը՝ Մարիետա Ենգոյանը: Աշակերտական խորհրդի ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին համագործակցությունն առավել սերտացնել ուսանող-աշակերտ հարաբերությունների միջոցով՝ կազմակերպելով համատեղ քննարկումներ, բանավեճեր, մասնագիտական խորհրդատվություն: Ես էլ իմ հերթին ասացի, որ մեր համալսարանում նրանք կարող են ազատ ունկնդրի իրավունքով լսել մասնագիտական դասընթացներ և դյուրին կողմնորոշվել ընտրության հարցում»:
Փետրվարի 19-ին, Գիրք նվիրելու օրվա առիթով, ինչպես տեղեկացանք, մեր ներկայացուցիչները համալսարանի կողմից դպրոցին նվիրաբերել են մասնագիտական գրքեր ու տնտեսագիտական բառարան, իսկ աշակերտներին՝ ՀՊՏՀ պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի օրինակներ և տեղեկատվական գրքույկներ:
Լուսինե Կարագուլյանն իր ելույթում խոսել է համալսարանի կառուցվածքի, ֆակուլտետների ու մասնագիտությունների, կրթական միջավայրի, ուսման, հանգստի ու ժամանցի պայմանների մասին: Ֆիրուզա Մայիլյանը հանգամանորեն անդրադարձել է ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետին, այնտեղ դասավանդվող առարկաներին, մասնագիտություններին, հնարավոր հեռանկարներին: Ուսանողները լուսապատկերի միջոցով ուսանողների համար առարկայացրել են ներկայացված տեղեկությունը, պատմել իրենց ուսումնառության, ուսանողական առօրյայի ու այն մասին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը գրկաբաց ու սիրով ընդունում է գիտելիքի և ուսման հարգն իմացողներին, ապա և տրամադրում լավագույն կրթություն և ուսման հրաշալի պայմաններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին