Վաղը մեկնարկում է «Դասախոսական գավաթ-2017» միջբուհական առաջնությունը
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնն արդեն 4-րդ տարին կազմակերպում է «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնությունը: Ավանդական դարձած միջոցառումն այս տարի կանցկացվի հունվարի 27-ից փետրվարի 3-ը:
Այս մասին տեղեկացրեց նշված ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը:
«Նախորդ տարիներին անցկացվել են վոլեյբոլի, հրաձգության, սեղանի թենիսի առաջնություններ, այս տարի ավելացրել ենք նաև շախմատ մարզաձևը: Առաջնությանը կմասնակցեն հայաստանյան 12 բուհեր, թիմերում հիմնականում ընդգրկված են ֆիզդաստիարակության ամբիոնի ներկայացուցիչներ: «Դասախոսական գավաթ-2017»-ի անցկացմանն աջակցում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան»,-մանրամասնեց ամբիոնի ղեկավարը:
Շախմատի առաջնությունը, որով և կմեկնարկի «Դասախոսական գավաթ-2017»-ը, անցկացվելու է Ագրարային համալսարանի շախմատի թանգարանում:
Միջոցառման հանդիսավոր բացումը հունվարի 30-ին է, ՀՊՏՀ մարզադահլիճում:
Խորհրդանշական է, որ հունվարի 28-ին, Հայոց բանակի տոնին, անցկացվելու է հրաձգության առաջնությունը:
Հաջողություն ենք մաղթում բոլոր թիմերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին