ՀՊՏՀ մագիստրանտները հետազոտել են սգո և զվարճանքի ծառայությունների շուկան
Կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Միքայել Մարդումյանի գիտական ղեկավարությամբ, բիզնեսի կազմակերպում մասնագիտության 1-ին կուրսի մի խումբ մագիստրանտներ իրականացրել են «ՀՀ զվարճանքի ծառայությունների շուկայի վերլուծություն» և «ՀՀ սգո (ռիտուալ) ծառայությունների շուկայի վերլուծություն» հետազոտական աշխատանքները, որոնց շնորհանդեսն այսօր էր: Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ղեկավար կազմը՝ դեկան Թաթուլ Մկրտչյանի գլխավորությամբ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը, դասախոսներ, ուսանողներ:
Ողջունելով ներկաներին՝ Միքայել Մարդումյանը նշեց, որ մագիստրանտներն իր դասի շրջանակներում կատարել են խմբային աշխատանքներ և ուսումնասիրել մեր երկրում զվարճանքի և սգո ծառայությունների շուկաները, դրանց զարգացման հեռանկարները:
Որքան էլ զարմանալի է՝ սգո (ռիտուալ) ծառայությունների շուկան Հայաստանում ուսումնասիրված չէ և այս առումով մագիստրոսական հետազոտական աշխատանքը բացառիկ էր և հետաքրքրություն էր ներկայացնում: Բանախոս-մագիստրանտները նախ անդրադարձան շուկայի առանձնահատկություններին՝ նշելով, օրինակ պահանջարկի ոչ առաձգականությունը, լոկալ բնույթը, ապա 2015թ. տվյալներով ներկայացրին ՀՀ-ում հուղարկավորության կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների քանակը, աշխատակիցների թվաքանակը, ծառայությունների ծավալը:
Հետազոտության ամենաուշագրավ մասերից մեկը սոցհարցման արդյունքների ներկայացումն էր. այսպիսով, 100 հարցվածից 59 նշել է, որ երբևէ չի օգտվել սգո ծառայություններից, 41-ը՝ օգտվել է: Ընդ որում, չօգտվելու հիմնական պատճառներից մեկը ֆինանսականն է: Ներկայացված առաջարկություններից մեկում ասվում էր, որ պետք է մեծացնել հուղարկավորության նպաստի չափը:
Հաջորդ հետազոտությունը զվարճանքի, մասնավորապես հարսանյաց հանդիսությունների ծառայությունների շուկայի վերլուծություն էր: Հետաքրքիր է, որ 2015թ. տվյալներով ընդհանուր ծառայությունների մեջ հարսանյաց ծառայությունները 15 տոկոսն են կազմում, և այս շուկան 2011թ. համեմատ մեծապես զարգացել է: Ուշագրավ էր նաև, որ տարեցտարի ամուսնությունների թվի նվազում է արձանագրվում, սակայն հարսանյաց հանդիսություններ կազմակերպող ընկերությունների թիվը աճում է:
Սոցհարցման արդյունքներով՝ հարցվածների 88 %-ը գտնում է, որ հարսանեկան արարողության կազմակերպումը մասնագետներին վստահելը (հանդիսությունների ծառայություններից) ճիշտ է: Այսպիսով, շուկան հեռանկարային է և զարգանում է արագորեն:
Զեկուցումներից հետո ակտիվ ծավալում քննարկվեց, ունկնդիրները հարցադրումներ ներկայացրին, ինչպես նաև արտահայտեցին իրենց տեսակետները: Ռեկտոր Կորյուն Աթոյանը կարևորեց հետազոտական աշխատանքներում տնտեսագիտական խնդիրների վերհանումն ու կոնկրետ առաջարկների ներկայացումը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին