Նոր «Տնտեսագետը»՝ ամանորյա շնչով ու տրամադրությամբ
«Տնտեսագետի» նոր համարը տոնական է, և հուսով ենք՝ համապատասխան տրամադրություն կփոխանցի բոլորին: Այն սկսվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի Ամանորի բարեմաղթանքով, որում մեր համալսարանի ղեկավարը բոլորին մաղթում է ուժ, եռանդ ու լավատեսություն, բարեբեր տարի ու բարու հաղթանակ: Այնուհետև ՀՊՏՀ ամենամյա գիտաժողովին է անդրադառնում «Տնտեսական խնդիրների լուծման հրամայականով» հոդվածը: Նոր տարվա տնտեսական սպասումները վերլուծում ու մեկնաբանում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը:
Ամսագրում տարեկան հաշվետվության կտրվածքով անդրադարձ է կատարվում համալսարանի սոցիալական քաղաքականությանը՝ ծրագրերին և ծախսված գումարներին:
«Լսարանային հարցում»-ը հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 2-րդ կուրսում բացահայտում և մեկնաբանում է Ամանորին ընդառաջ ոսանողների տրամադրությունը, ակնկալիքները և հիշողությունները:
Ընդարձակ անդրադարձ կա Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին, որոնց շրջանակներում ՀՊՏՀ ղեկավարությունը, ուսանողական խորհուրդը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էին բազմապիսի միջոցառումներ: Մեկ այլ նյութով պատմվում է նաև «Ուսանողական աշուն– 2016» մարզամշակութային փառատոնի ու հաղթողների մասին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ 16-րդ համագումարում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատման մասին է դոցենտ Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկար»-ի առաջին անդրադարձը, այնուհետև հայաստանյան և միջազգային այլ նյութեր են:
«Անվանի տնտեսագետներ»-ում ուսանողուհի Լիանա Իսայանը պատմում է համաշխարհային հռչակ ունեցող հայազգի տնտեսագետներից մի քանիսի մասին:
Լրատվության և հասարակայնության կապերի բաժինը շնորհավորում է Սիմոն հակոբյանի 70-ամյակը: «Համաշխարհային բրենդ» խորագիրը ներկայացնում է 100-ամյա «Տրուսարդի» բրենդը: Վիճակագրության լեզվով ամանորյա ավանդույթներն ու սովորույթներն է բացահայտում ասպիրանտ Աստղիկ Հավհաննիսյանը: «Մեր շնորհալիները» խորագրի հերոսը Քրիստինե Շիպակցյանն է, ով ստեղծագործում է չափածո ու նկարում:
«Լրահոս»-ը, ինչպես միշտ, խտացված ամփոփում է համալսարանի կարևոր իրադարձությունները:
Ազատամարտիկ, Արցախյան պատերազմի հերոս Սամվել Մկրտչյանը ուսանողների հյուրն էր. այս մասին՝ «Սահմանը գծվում է զենքով» հոդվածում:
«Վարքուբարք», «Ամենակարևորի մասին» խորագրերից առաջինը համացանցի էթիկետի մասին է, երկրորդը՝ երեխաների զարգացման ընթացքում հանդիպող առանձնահատկություններից մեկի՝ դիսլեկսիայի:
Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանը ներկայացնում է Սանդրո Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» ստեղծագործությանը:
Ամսագիրն ավարտվում է 2016 թվականի ՀՊՏՀ լավագույն մարզիկների տասնյակով:
«Տնտեսագետի» նոր համարի մասին՝ այսքանը: Ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։ Կարող եք օգտվել նաև ընթերցասրահների օրինակներից:
Էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)՝ հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/tntesaget/TERT_2016.5.pdf:
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին