Երիտասարդը՝ երիտասարդին. մոտիվացնող սեմինարներ ՀՊՏՀ ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 2455

ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի նախաձեռնությամբ այսօր համալսարանի մարքեթինգի և բիզնեսի ֆակուլտետում տեղի ունեցավ «Երիտասարդ մասնագետների՝ աշխատանքի շուկային ինտե­գրումն ու առկա խնդիրները» և «Գիտահետազոտական աշխատանք. ի՞նչ, ինչո՞ւ, ինչպե՞ս» թեմաներով տեսական սեմինարներ, որտեղ զեկուցումներով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների վերլուծության բաժնի տնտեսագետ Գուրգեն Օհանյանը և Ֆրանսիայի Լիոն-3 համալսարանի դասախոս-հե­տա­զոտող Աննա Մարդումյանը:

Սեմինարին մասնակցում էին ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ղեկավար Միքայել Մարդումյանը, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ:

Բանախոս Գուրգեն Օհանյանն, ի դեպ, ՀՊՏՀ շրջանավարտ է, իսկ ասպիրանտական կրթությունն ստացել է Բուխարեստի համալսարանում: Վերլուծելով աշխատաշուկայում երիտասարդության ներգրավվածությունը՝ նա համոզմունք հայտնեց, որ աշխատանքի շուկան չի համապատասխանում կրթական համակարգին, կրթության մեջ ներդրումը արդյունավետ չէ: Դիտարկվեցին երիտասարդների զբաղվածության խնդիրներն աշխարհում, ապա նշվեցին նրանց գործազրկության մի քանի պատճառներէ: Գուրգեն Օհանյանը համեմատական վերլուծություն կատարեց ԵՄ երկրների և Հայաստանի երիտասարդների զբաղվածության վերաբերյալ, ներկայացրեց վիճակագրական տվյալներ: Ինչո՞ւ պետք է գործատուն շահագրգրված լինի երիտասարդին աշխատանքի ընդունելիս. այս հարցի քննարկումն աշխուժություն առաջացրեց լսարանում, գլխավորապես նշվեց՝  երիտասարդն ունի մի շարք առավելություններ՝ թարմ գաղափարներ, եռանդ, սովորելու պատրաստակամություն, տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններ, տեղեկացվածություն և այլն: Զեկուցման շրջանակում խոսվեց նաև բիզնես միջավայրը կրթությանը կապելու օգուտների և կարևորության, կրթությունից աշխատանքի անցնելու քայլերի  (աշակերտություն, փորձառություն, վերապատրաստում) մասին:

Հաջորդ զեկուցող Աննա Մարդումյանը պարզաբանեց հետազոտական աշխատանքով զբաղվելու շարժառիթները, հաջող գիտական գործունեություն իրականացնելուն միտված քայլերը: Բանախոսը, սեփական փորձից ելնելով, ընդգծեց, որ այսօր գիտահետազոտական աշխատանքը Եվրոպայում բարձր վարձատրվող աշխատանքներից է, իսկ առավելություններից մեկն այն է, որ տվյալ անհատը ուսումնասիրում է իրեն հետաքրքրող ոլորտին առնչվող թեմա:

Զեկուցումների վերաբերյալ լսարանը հնչեցրեց ուշագրավ դիտարկումներ ու հարցադրումներ, ստեղծվեց բանավիճային մթնոլորտ: Ուսանողներից բխած շատ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տվեցին պրոռեկտոր Պարույր Քալանթարյանն ու ամբիոնի ղեկավար Միքայել Մարդումյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Միքայել Մարդումյանն ասաց, որ սեմինարների նպատակն էր մասնագիտական ոլորտում հաջողության հասած երիտասարդների օրինակը  ներկայացնել ուսանողներին, որոնք վաղը պետք է մտնեն աշխատաշուկա, և այստեղ իրենք կարևորում են, որ հենց հասակակիցը ներկայացնի հասակակցին:

«Մենք ունենք տաղանդավոր ուսանողներ և շատ կարևոր է նրանց ճիշտ ուղղորդելը, որպեսզի առաջիկայում կարողանան իրացնել գիտելիքը և իրենց արժանի  տեղը գտնել աշխատաշուկայում»,-եզրափակեց ամբիոնի ղեկավարը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին