Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հրավերով, արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ այցելեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը: Նրան իր աշխատասենյակում հյուրընկալեց համալսարանի ռեկտորը, որից հետո դեսպանին ուղեկցեց համակարգչային լսարաններ, բուհի գրադարան, ծանոթացրեց գրքային ֆոնդի թվայնացման աշխատանքներին:
Միջազգային ծրագրերի կենտրոնում կայացավ հանդիպում ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության անունից շնորհակալություն հայտնելով Հայաստանում ԱՄՆ դեսպանին համալսարանի հրավերը չմերժելու և բուհ այցելելու համար:
«Մեզ համար մեծ պատիվ է՝ ունենալ նման հնարավորություն՝ լսելու Ձեր ելույթը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, այդ թվում՝ մասնաճյուղերը, ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ մեզ նման հնարավորություն ընձեռելու համար: Նմանատիպ ծրագրերը փորձի փոխանակման, միջբուհական կապերի հաստատման, մեր համալսարանում լավագույնը համարվող ամերիկյան փորձի ներդրման հնարավորություն են»,- ասաց համալսարանի ռեկտորը՝ ներկայացնելով դիվանագետի անցած աշխատանքային ճանապարհը:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և իր գոհունակությունը հայտնեց ՀՊՏՀ-ի հետ գործընկերությունից:
Դեսպան Միլսն անդրադարձ կատարեց միջազգային հանրության առաջ ծառացած արտաքին քաղաքական խնդիրներին: «Վստահ եմ, որ դուք որպես ուսանողներ և Հայաստանի ապագա առաջնորդներ, լավ պատկերացնում եք, որ այսօր աշխարհը բախվում է քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, կլիմայի փոփոխության ու այլ բարդ մարտահրավերների: Այդ մարտարավերները շատ ավելի բազմազան ու բարդ են, քան նախկինում էին և եթե անուշադրության մատնվեն, կարող են վտանգել մեր հավաքական ապագան», - ասաց դեսպանը: Նա նշեց, որ թեպետ Միացյալ Նահանգներն աշխարհի տարբեր վայրերում կարևորագույն հարցերում առավել քան երբևէ ներգրավված է, սակայն միայնակ չի գործում: «Մենք գործակցում ենք մեր բարեկամների ու դաշնակիցների, օրինակ՝ Հայաստանի հետ և գործում համատեղ՝ խիզախումով ու վճռականությամբ», - ասաց դեսպան Միլսը:
Այժմ երբ Միացյալ Նահանգները և, անշուշտ, նաև աշխարհը, նախապատրաստվում են հունվարին նոր վարչակազմի ժողովրդավարական անցման գործընթացին, դեսպան Միլսը անդրադարձ կատարեց Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության որոշ հաջողությունների ու մարտահրավերների: Նա անդրադարձ կատարեց Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրին, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համաձայնագրերին ու գործողություններին, Դաեշի դեմ գլոբալ դաշինքի կողմից տարվող պայքարին, Սիրիայում կռվի դադարեցմանն ու քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին և մարդու իրավունքների պաշտպանության ամերիկյան ջանքերին: «Մենք պաշտպանում ենք մարդու իրավունքները ոչ սոսկ այն պատճառով, որ դա ամերիկյան արժեքների առանցքային մասն է կազմում, այլ այն պատճառով, որ դա ապահովում է ավելի լավ կյանք բոլորի համար ու օգնում է խաղաղություն հաստատել, այնպիսի իրական խաղաղություն, որը տիրում է, երբ կան լավ դպրոցներ, ապահով ու անվտանգ թաղամասեր, ծաղկում ապրող ընկերություններ ու ամուր քաղաքացիական հասարակություն, հաշվետու կառավարություն ու դատաիրավական համակարգ, որտեղ բոլոր մարդիկ օրենքի առաջ հավասար են», - ասաց նա:
Դասախոսությունն ավարտելուց հետո դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՊՏՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց դիվանագետին բովանդակալից դասախոսության համար: «Պարոն դեսպան, մենք բոլորս էլ գիտենք, որ իրական արժեքները կարող են ստեղծել կրթված մարդիկ, և մենք դրան փորձում ենք հասնել Տնտեսագիտական համալսարանում»,- ասաց Կորյուն Աթոյանը՝ հավելելով, որ Ն.Գ. դեսպանը միշտ սպասված հյուր է ՀՊՏՀ-ում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին