Ասպարեզում երիտասարդ ճարտասաններն էին

Դիտումների քանակ՝ 2217

Շուրջ երկու տասնամյակ է՝ «Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանի մրցույթի նախաձեռնող ու կազմակերպիչ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, «Ճարտասանություն» բուհական դասագրքի հեղինակ Վալերի Միրզոյանը համախմբում է ճարտասանական ունակություններ ունեցող ուսանողներին, առիթ ստեղծում, որ նրանք անկաշկանդ ու վստահ խոսեն իրենց հուզող հարցերի մասին,  գեղեցիկ, անաղարտ հայերենով արտահայտվելու հմտություններ ձևավորեն:

Այսօր հերթական մրցույթն էր՝ կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսում: Անցկացվեց վիճակահանություն և հայտնի դարձավ ելույթների հաջորդականությունը: Այնուհետև Վալերի Միրզոյանը մասնակիցներին ներկայացրեց մրցատյանը, ինչպես նաև գնահատման չափանիշները` որքանով է խոսքը հասկանալի ու համոզիչ, լեզվական անաղարտություն, լսարանը կառավարելու ունակություն, ճարտասանի պահվածք:

Այսպիսով` խոսքի արվեստին տիրապետելու, իրենց ուժերը փորձելու ձգտումը լսարան էին բերել ասելիք ունեցող բազմաթիվ ուսանողների, որոնց համար մրցույթը դարձավ փորձառելու և ոգեշնչվելու հրաշալի առիթ:

11 ուսանող փորձեց հատկացված 9 րոպեում ի ցույց դնել հռետորական արվեստին տիրապետելու իր հմտությունները: Ուսանողներն ընտրել էին արդիական թեմաներ, որոնք առնչվում էին, օրինակ,  21-րդ դարի համամարդկային խնդիրներին (շրջակա միջավայրի պահպանություն, համացանցից կախվածություն և այլն), արտագաղթին, հավասարության սկզբունքներին, մահապատժին, առաջնորդությանը:

Մրցատյանում ընդգրկված էին ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այնպես էլ ուսանողներ: Նրանց հիացմունքին արժանացավ և առավելագույն միավորով հաղթեց Մերի Ստեփանյանը: Նա իր ելույթով լսարանին ներկայացավ որպես հայրենասիրության ջատագով և արտագաղթը դիտարկեց որպես հայրենիքը վտանգող  բացասական երևույթ: Հաղթողը ստացավ խրախուսական գումար, պատվոգիր և Վալերի Միրզոյանի մակագրությամբ գիրք, իսկ մյուս  10 մասնակիցները՝ գումար և  մակագրված գրքեր:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Մերի Ստեփանյանն ասաց, որ առանձնահատուկ հետաքրքրություն ունի հռետորական արվեստի նկատմամբ, իսկ պարոն Միրզոյանի դասաժամերին հետաքրքրությունն ավելի է մեծացել:

«Կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրը պետք է տիրապետի գեղեցիկ խոսելու արվեստին, իսկ կառավարչի համար դա առանձնակի կարևորություն ունի: Ինձ համարում եմ հայրենասեր մարդ և կարծում եմ՝ բոլորիս պետք է մտահոգի արտագաղթի թեման: Ահա թե ինչու այսօր այդ թեմայով ամբիոնից հնչեցրի իմ ելույթը»,-ասաց հաղթողը:

Միջոցառման ավարտին մասնակիցներին շնորհավորեց կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Մերի Բադալյանը, ով ընդգրկված էր մրցատյանում: Նա ողջունեց նմանատիպ  նախաձեռնությունները և երախտագիտական խոսք հղեց Վալերի Միրզոյանին:

«Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանի մրցույթը հովանավորել էր (տրամադրել էր գրքերն ու դրամական պարգևները) ՀՊՏՀ շրջանավարտ, տնտեսագիտության դոկտոր Դավիթ Հարությունյանը, ով տարիներ առաջ եղել է նույն մրցույթի հաղթողը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին