Հաղթանակի ավանդույթը շարունակում են ՀՊՏՀ նոր ֆուտզալիստները. մեր հավաքականը նվաճել է սուպեր գավաթը

Դիտումների քանակ՝ 1543

Մեր համալսարանի ֆուտզալի հավաքականը հերթական խոշոր հաշվով հաղթանակն է արձանագրել. դեկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) մարզադահլիճում տեղի ունեցած «Սուպեր գավաթ» առաջնությունում ՀՊՏՀ հավաքականը 4:1 հաշվով հաղթանակ է տարել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի նկատմամբ:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը՝ «Սուպեր գավաթ»-ի համար պայքարելու իրավունք էին ստացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը` որպես ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի հաղթող, և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը` որպես ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի չեմպիոն։

«Մեր հավաքականում համալրումներ են եղել. համալսարանն ավարտած խաղացողներին փոխարինելու է եկել նոր սերունդը, որը շարունակում է ձևավորված ավանդույթները և լավագույնս հանդես գալիս: ՀՊՏՀ հավաքականը խաղում է նաև Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունում և այս պահին մրցաշարային աղյուսակում 4-րդն է, հաղթանակի շանսեր ունի առաջնությունը եզրափակվելու է մայիսին»,-ասաց ամբիոնի ղեկավարը:

Հավելենք, որ  հավաքականի մարզիչը   Կարեն Միքայելյանն է:

Առաջնությունը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀԱՊՀ  և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ։

Շնորհավորում և նոր գոլառատ հաղթանակներ ենք մաղթում մեր տղաներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին