Սահմանը գծվում է զենքով. հայրենասիրության տպավորիչ դաս՝ ազատամարտիկ, կենդանի հերոս Սամվել Մկրտչյանի մասնակցությամբ
«Մեզ չէր մտահոգում, որ մենք երիտասարդ ենք, որ պատերազմ է, որ կարող է դժվարություններ լինեն, մեր մեջ արթնացել էր ազգային ոգին ու դարավոր ոսոխի դեմ կռվելու, մեր հայրենիքը պաշտպանելու ձգտումը: Խոսքը միայն իմ մասին չէ, Արցախյան պատերազմի տարիներին դա բնորոշ էր բոլորին, դա ազգային մտածողություն էր»,- այս համեստ խոսքերը պատկանում են ազատամարտիկ («Հատուկ գունդ»), գումարտակի հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Սամվել Մկրտչյանին, ով այսօր ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, «Նորավանք» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Աթոյանի հրավերով և մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ հյուրընկալվեց բակալավրիատի մարքեթինգի 2-րդ կուրսի ուսանողներին: Հանդիպումը, որն անցավ ուսանողաշատ լսարանում, մասնակցում էր նաև մարքեթինգի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արարատ Զաքարյանը:
Հանդիպման առիթը ազատամարտիկի կողմից «Հանուն. Ազգ, Հավատք, Հայրենիք» գրքի հրատարակությունն է, որում ամփոփված են Արցախյան ազատամարտի տարիների հիշողություններ, պատմություններ, սահմանին կռվող զինվորի ապրումները:
«Այսօր յուրահատուկ օր է, քանի որ մենք հանդիպում ենք կենդանի հերոս Սամվել Մկրտչյանի հետ: Ես չեմ չափազանցնում, բայց Սամվել Մկրտչյանը, ում հետ աշխատելու բախտ եմ ունեցել, 21-րդ դարի կենդանի հերոսներից է»,- իր խոսքում նշեց Վարդան Աթոյանը՝ մանրամասնելով հյուրի նկարագիրը՝ ՀՀ Նախագահի «Արիության» մեդալի, ԼՂՀ Նախագահի «Մարտական ծառայության», ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար» մեդալների, «Առաջին Գունդ», ԵԿՄ, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», «Թալիշի պաշտպան» հուշամեդալների շքանշանակիր: «Եվ այսքանով հանդերձ՝ նա իմ ճանաչած ամենահամեստ մարդկանցից է, որն իր գրքում փորձել է ներկայացնել պատերազմի տարիների իր ապրումները, հույզերը: Մեծ է նրա ներդրումը հայոց երկրի անվտանգության պահպանման գործում»,- ասաց Վարդան Աթոյանն ու խոսքը տրամադրեց Սամվել Մկրտչյանին:
Ազատամարտիկը պատմեց 88թ. շարժման սկիզբը, ամբողջ ժողովրդի ու հատկապես երիտասարդների անսահման հայրենասիրությունն ու կամավորագրումը հայոց երկրի պաշտպանության գործին, սկզբում հախուռն, հետո ավելի կազմակերպված զորամիավորումների ստեղծումը, որը դարձավ «հայոց բանակի ստեղծման սաղմը»: «Մենք կռվում էինք անմոռաց, մեզ համար այլ խնդիր չկար, քան մեր սահմանների անձեռնմխելիության ու ազգաբնակչությանը թշնամու ոտնձգությունից պաշտպանելը: Սահմանը գծվում է զենքով, և պատերազմի դաշտում հենց այդպես էր, այդ ժամանակ ամեն ինչ այնքան խառն էր, որ կարևոր էր միայն ուժը, ով ուժեղ էր, նա կհաղթեր»,- ասաց Սամվել Մկրտչյանն ու հավելեց, որ գրքում ինքը փորձել է ներկայացնել առաջին գծում կռվող զինվորների հույզերը, ապրումները, հոգեվիճակը:
Այնուհետև ուսանողները իրենց հարցերն ուղղեցին հյուրին՝ հետաքրքրվելով առանձին դրվագներով, «օղակ օպերացիայից», ինչպես նաև այսօրվա երիտասարդության որակներով՝ արդյո՞ք նա արժանի սերունդ է, ինչին հետևեց ապրիլյան քառօրյայի դրվագներով հավաստված հիացմունքը: Հանդիպումը ջերմացրեցին ուսանողների կատարումները, իսկ վերջում հյուրը գրքեր նվեր ստացավ:
Մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Սամվել Մկրտչյանին ՝ հյուրընկալության համար, ինչպես նաև բարձր գնահատեց նման գրքերի հրատարակումը, որտեղ իսկապես արտացոլված է իրականությունը: «Այսպիսի գրքերը պետք է շատ լինեն, որոնք իսկապես հստակ և ճիշտ են ներկայացնում իրականությունը, ինչը շատ կարևոր է երիտասարդների համար: Հայրենասիրությունը երբեք և երբեք չպետք է փոխել այլ սիրո հետ: Հայրենիքը պետք է լինի ոչ միայն լեզվին, այլև սրտում»,- ասաց պրոֆեսորը:
Լիլիթ Դադայանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սամվել Մկրտչյանին և ընդգծեց, որ ուսանողներն իսկապես հետաքրքրությամբ էին սպասում հանդիպմանը, քանի որ լավ առիթ է հենց պատերազմի մասնակցից պատերազմի մասին պատմություններ լսելը: «Մեր խոնարհումը և շնորհակալությունը Ձեզ՝ անգնահատելի ավանդի համար»,- ասաց նա:
Ամփոփելով հանդիպումը՝ Վարդան Աթոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը: «Տեսական և գործնական գիտելիքներից բացի անչափ կարևոր է հայրենասիրական դաստիարակությունը, որովհետև պետք է լինել նախ լավ քաղաքացի, և հետո միայն՝ լավ մասնագետ»,- ամփոփեց նախաձեռնության հեղինակը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին