«Կրեատիվի դերը գովազդում». վարպետության դաս ՀՊՏՀ-ում
Նոյեմբերի 20-25-ին Երևանում անցկացվող Երևանի արտաքին գովազդի փառատոնի շրջանակում այսօր մեր բուհում «Կրեատիվի դերը գովազդում» թեմայով բաց վարպետության դաս էր, որը վարեց գովազդի և հաղորդակցության ոլորտում ավելի քան 15 տարվա փորձ ունեցող, Zeno Group ընկերության արտ-տնօրեն Մելանի Քլենսին:
Դասը կազմակերպվել էր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և փառատոնի կազմակերպիչների համագործակցության շրջանակում: Ներկաներին ողջունեց և հյուրին ներկայացրեց ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը:
Մելանի Քլենսին Սինգապուրից է: Գործունեություն ծավալելով երեք տարբեր մայրցամաքներում՝ նա ոչ միայն ստեղծել է մրցանակակիր գովազդային արշավներ, այլև բազմաթիվ գովազդային հարթակներ, արտադրանքներ և ծառայություններ:
Դասի ընթացքում բանախոսը մեջբերում էր հայտնի մարդկանց խոսքերը գովազդի մասին և մեկնաբանում, թե որն է լավ գովազդ ստեղծելու գրավականը: Օրինակ, Քեն Հակուտայի «Փողի պակասը խոչընդոտ չէ, գաղափարի պակասն է խոչընդոտ» խոսքերը մեջբերելով՝ բանախոսը հավաստիացնում էր, որ լավ գովազդի հիմքում ուժեղ գաղափարն է: Ցուցադրվում էին նորաստեղծական մոտեցումներով աչքի ընկնող գովազդային հոլովակներ:
Բանախոսության ավարտին Մելանի Քլենսին պատասխանեց ներկաների հարցերին:
Հիշեցնենք, որ Երևանի արտաքին գովազդի փառատոնի շրջանակում սա երկրորդ վարպետության դասն էր ՀՊՏՀ-ում. նոյեմբերի 21-ին մեր համալսարանում Սաադի Ալկուաթլիի բանախոսությունն էր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին