“Progress” միջբուհական աշխատաժողովը՝ սովորելու և ինքնաճանաչման հարթակ
ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, նոյեմբերի 26-27-ը մեր համալսարանում իրականացրել է “Progress” միջբուհական ուսանողական աշխատաժողովը, որին մասնակցել են հայաստանյան պետական և ոչ պետական բուհերի 70 ուսանողներ: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:
Աշխատաժողովին բանախոսություններով հանդես են եկել տարբեր ոլորտների փորձառու մասնագետներ, կազմակերպվել են ինտերակտիվ խաղեր և քննարկումներ, ուսանողներին են փոխանցվել տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ միտված աշխատաշուկայում ներկայանալի և մրցունակ լինելուն, ներուժը ճիշտ օգտագործելուն, նորարարական մտածելակերպ ձևավորելուն: Քննարկվող առանցքային թեմաների շարքում են եղել ձեռներեցությունը, գովազդը, մարքեթինգը, անհատի PR-ը, գործարար էթիկան: Մասնակիցներին ողջունել և աշխատաժողովի մեկնարկն ազդարարել են ՀՊՏՀ ուսխորհրդականները: Նշվել է, որ “Progress”-ին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 1000 ուսանողներ, որոնցից, մոտիվացիոն նամակի և հարցազրույցի հիման վրա, ընտրվել են 70-ը:
Առաջինը՝ «Լսարանից այն կողմ» խորագրով, բանախոսել է ՀՊՏՀ ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը: Իր ելույթում նա ընդգծել է ուսանելու տարիներին աշխատանքային փորձ ձեռք բերելու, ինքնակրթության, հմտությունների շարունակական զարգացման կարևորությունը: Բանախոսը համոզմունք է հայտնել, որ համալսարանական տարիներին պետք է հասարակական ակտիվություն ցուցաբերել՝ անդամակցելով ուսանողական, երիտասարդական կառույցներին, մասնակցելով երիտասարդական միջոցառումների, մասնագիտական քննարկումների, սեմինարների, կոնֆերանսների և այդ փուլերն անցնելուց հետո վստահորեն ներկայանալ գործատուին:
«Progress-ը բիզնեսում» խորագրով բանախոսությամբ հանդես է եկել “Ayvazyan & partners” ընկերության հիմնադիր, կառավարման փորձագետ, բիզնես թրեյներ Վահե Այվազյանը:
«Միշտ պետք է ձգտել ավելիին, որովհետև եթե դադարում ես ձգտել, ուրեմն դադարում ես ապրել, ու կլինեն մարդիկ, ովքեր կշրջանցեն քեզ: Ուրեմն, հաջողությունը փոխադարձ սերն է. սեր ծնողի, զավակի, ընտանիքի, սիրելիի, աշխատանքի, մասնագիտության նկատմամբ: Հետևաբար, եթե սիրում ես բիզնեսը, կհասնես հաջողության, իհարկե, եթե քո մեջ կան այդ հմտությունները, քանի որ բոլորը չէ, որ կարող են ձեռներեց լինել: Մի խոսքով, բիզնեսը ռինգ է, իսկ հաճախորդը կամ հիանում է քեզնով, կամ արագ հեռանում»,-իր ելույթում շեշտել է Վահե Այվազյանը և ուսանողներին կոչ արել տարբերվել, քանի որ մեր օրերում գործատուները փնտրում են հենց այդպիսի աշխատակիցների:
Հաջորդը բանախոսել է “Braind” ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանը՝ «Ո՞վ եմ ես» խորագրով: Լսարանին կոչ անելով մտածել «Ո՞վ եմ ես» հարցի շուրջը՝ բանախոսն իր տեսակետն է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ՝ ընդգծելով հետևյալը. «Ես իմ սխալներն եմ, իմ որոշումներն ու մտքերն եմ, իմ ապրած օրերն ու գործերն եմ: Խոսել դեռևս չի նշանակում գործել: Խոսքի և գործի միջև առկա է մեծ հեռավորություն, որի կրճատման համար պետք է հնարավորինս քիչ խոսել այն ամենի մասին, ինչն իրականում չես ապրել»: Կարեն Բաբաջանյանն ուսանողներին խորհուրդ է տվել ապրել այսօրվա օրով, երջանիկ լինել հենց այսօր ու հիմա՝ վայելելով հաջողության ակնթարթները: «Ո՛չ բիզնեսը, ո՛չ գումարը կայուն ու մշտական չեն, կարևորը միայն հոգու խաղաղությունն է:
Իրավաբան, հաշվապահ, «Գործարար էթիկայի հիմունքներ» և «Գործարար էթիկա» գրքերի հեղինակ Թամարա Ավանեսյանն իր ելույթում ներկայացրել է էթիկայի՝ գործնական հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև հեռախոսազրույցների ժամանակ կիրառվող պարտադիր կանոնները: Նա անդրադարձ է կատարել արտաքին տեսքին, հագուստին, սանրվածքին և, որ ամենակարևորն է, ճիշտ կառուցված խոսքին վերաբերող հիմնական կանոններին:
Ելույթ են ունեցել PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը՝ «Անհատի PR. Ստեղծի՛ր անուն» թեմայով և «AIESEC» արտագնա փոխանակման ծրագրերի Team Leader Լիլիթ Մանուկյանը: PR խորհրդատուն նշել է մի շարք գործիքներ, որոնց շնորհիվ կարելի է դառնալ հայտնի ընդամենը մի քանի ժամվա և երբեմն նույնիսկ ակնթարթների ընթացքում, որոնցից են օրինակ հրապարակային ելույթ ունենալը, հեռուստատեսությունը, զանգվածային լրատվամիջոցները, սոցիալական կայքերը և այլն: Մասնագետը շեշտել է, որ հայտնիության հասնելու համար պետք է ունենալ հայտնի դառնալու հստակ գրաֆիկ: Լիլիթ Մանուկյանը խոսել է «AIESEC» կազմակերպության, ուսանողների համար նախատեսված ծրագրերի մասին, որոնք հնարավորություն են ընձեռում ուսումն արտերկրում շարունակելու և այլ երկրներում կամավորությամբ զբաղվելու կամ աշխատելու:
«Ձեռներեց, թե՞ հաջողակ....» թեմայով բանախոսել է Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամում ծրագրերի ազգային համակարգող Աննա Սադոյանը: Աշխատաժողովի շրջանակներում Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Նատալի Վորոբեևը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը ստորագրել են համաձայնության հուշագիր:
Աշխատաժողովի ընթացքում կազմակերպված խաղերի հաղթողները ստացել են մրցանակներ, օրինակ, “Human Rocket” խաղի հաղթող են ճանաչվել 2 թիմեր, որոնցից մեկը պարգևատրվել է “My bookstore” ընկերության կողմից, իսկ մյուսը՝ ՈւԽ կողմից հնարավորություն է ստացել մասնակցելու գերմանական խնայբանկերի կողմից կազմակերպվող ուսուցողական «Բիզնես» խաղին:
“Progress”-ի մասնակիցները ստացել են հավաստագրեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին