ՀՊՏՀ ուսանողները մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված քննարկմանը

Դիտումների քանակ՝ 1542

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել է կլոր սեղան-քննարկում՝ «Տնտեսական զարգացման ջանքերը Հայաստանում» թեմայով, որին մասնակցել են Հայաստանի առաջատար բուհերի ուսանողներ, այդ թվում՝ 10 ուսանող ՀՊՏՀ-ից:

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, քննարկման մասնակիցներին ողջունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության երկրորդ քարտուղար-փոխհյուպատոս պրն. Ռաֆայել Սամբուն:  Կլոր սեղան-քննարկումը վարելու համար դեսպանատան կողմից հրավիրված էին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության տնտեսական ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը:

Բանախոսները տարբեր տեսանկյուններից ներկայացրել են Հայաստանի գործարար միջավայրում առկա խնդիրները, պետական-մասնավոր հատված երկխոսության առանձնահատկությունները, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հեռանկարները: Ելույթներին հաջորդել է ակտիվ քննարկում ուսանողների և խոսնակների մասնակցությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին