ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդիպել է Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանի հետ
Նոյեմբերի 17-ին կայացել է ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հանդիպումը Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարարության հաղորդակցության գծով տնօրեն Վահրամ Չուգուրյանը, Մոսկվայում Սլովակիայի դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Իգոր Դերկոն, ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը:
Ուսումնական բաժնից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Սլովակիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, մասնավորապես՝ Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի հետ ՀՊՏՀ համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ դասախոսների վերապատրաստման և փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի նախաձեռնման, գիտահետազոտական աշխատանքների, ուսանողների փոխանակման և այլ հարցեր:
Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը, կարևորելով երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև արդյունավետ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու հարաբերությունների խորացմանը՝ փոխգործակցության նոր հեռանկարներ ստեղծելու նպատակով: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, իր հերթին, նշել է, որ ՀՊՏՀ-ի և Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի միջև դեռևս 2012 թվականին կնքվել էր փոխգործակցության հուշագիր, ՀՊՏՀ-ում հյուրընկալվել է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի պատվիրակությունը, 2014թ. ՀՊՏՀ-ում մեկ կիսամյակ ուսումնառել է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի, սակայն առկա է երկու համալսարանների համագործակցության ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և փոխգործակցությունն ամրացնելու անհրաժեշտություն: ՀՊՏՀ ռեկտորը ներկայացրել է վերջին տարիներին համալսարանի նվաճումները, միջազգայնացման քաղաքականության գերակայությունները, այդ թվում՝ «Erasmus+» ծրագրի շրջանակներում ուսանողների և դասախոսների շարժունության արդյունքները: Կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ակտիվացնել երկկողմ շփումները և ապահովել միջհամալսարանական համագործակցության նորանոր ձեռքբերումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին