ՀՊՏՀ-ն և Հայաստանում Չինաստանի դեսպանատունը քննարկում են փոխգործակցության հնարավորությունները
ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, «Նորավանք» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Աթոյանի նախաձեռնությամբ այսօր մեր համալսարան այցելեցին Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան խորհրդական Գո Յույը և հյուպատոս Վանգ Ֆընգը:
Նախ հյուրերին ընդունեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Հանդիպմանն անդրադարձ արվեց հայ-չինական բազմաոլորտ կապերին, երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև քննարկվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Այցի շրջանակներում ՉԺՀ դեսպանատան ներկայացուցիչները այցելեցին Միջազգային ծրագրերի կենտրոն, համալսարանի գրադարան, ծանոթացան ընթերցասրահներին, համակարգչային սրահներին և թվային գրադարանին, ինչպես նաև՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոն, որտեղ ներկայացվեց կենտրոնի ստեղծման նպատակը, կատարվող հետազոտությունները, ընթացիկ և հեռանկարային ծրագրերը, հետազոտական հիմնական ուղղություններն ու արդեն իսկ կատարված մի քանի տասնյակ հետազոտությունները:
Քննարկումների ընթացքում երկու կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին