Հանդիսավորությամբ ազդարարվեց «Ուսանողական աշուն-2016»-ի մեկնարկը

Դիտումների քանակ՝ 1507

ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր կայացավ «Ուսանողական աշուն-2016» մարզամշակութային փառատոնի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, ամբիոնի դասախոսական կազմը, դեկաններ, ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ, ուսանողներ: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ շքերթով մարզադահլիճ մտան ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների ուսանող-մարզիկները:

Փառատոնի մասնակիցներին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ուրախություն հայտնելով, որ ուսանողների կյանքը բազմաբովանդակ ու հետաքրքիր է անցնում և նշելով, որ մարզական ու մշակութային մասերից բաղկացած փառատոնը հարթակ է, որտեղ դրսևորվելու հնարավորություն ունեն գրեթե  բոլոր ուսանողները:  Համալսարանի ղեկավարը հույս հայտնեց, որ փառատոնը ուսանողներին նոր եռանդ կհաղորդի՝ ուսումնական կիսամյակը պատվով ու բարձր առաջադիմությամբ ամփոփելու  համար: Ռեկտորի ամբողջական խոսքին ծանոթացեք այստեղ:

Ելույթ ունեցավ Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վերջին տարիներին համալսարանական սպորտի աշխույժ կենտրոն է դարձել մեր հանրապետությունում: Նա ընդգծեց սպորտի դերը ֆիզիկական ու մտավոր առողջության պահպանման գործում:

Հանդիսավոր բացման արարողությունն ամփոփեց ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը՝ կրկին շնորհավորելով ուսանողներին երիտասարդական տոների առիթով:

Հիշեցնենք, որ միջֆակուլտետային  փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 14-ին՝ շախմատի ու վոլեյբոլի առաջնություններով և կընթանա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Մասնակիցներին մաղթում ենք առողջ մրցակցություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին