ՀՊՏՀ 30 ուսանող՝ «Լավագույն ուսանող – 2016»-ի մրցանակակիր
Համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում տոնական ու հանդիավոր պայմաններում այսօր հայտնի դարձան և պարգևատրվեցին մեր համալսարանի՝ այս տարվա լավագույն ուսանողները: Նրանց շնորհվեցին «Լավագույն ուսանող» ոսկե հուշամեդալ և պատվոգիր:
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ այս նախաձեռնության նպատակը լավագույններին խրախուսելն է և նրանց օրինակը ներկայացնելը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, ուսխորհրդականներ, ուսանողներ:
Իր խոսքն ուղղելով միջոցառման մասնակիցներին և հատկապես լավագույններին՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը շեշտեց. «Բազմիցս եմ նշել, որ համալսարանի գլխավոր առաքելությունը բարձրակարգ կրթության ապահովումն է:
Բայց պակաս կարևոր չէ հայրենասեր, բազմակողմանի զարգացած և առաջընթացի ճանապարհը հաստատուն կերպով հարթող սերնդի դաստիարակումը: Ես ցանկանում եմ, որ բոլորիդ հայացքը ապագային ուղղվի դրական տրամադրվածությամբ, գիտելիքների ձեռք բերման մեծ եռանդով ու վստահությամբ: Հավատով ու գիտելիքներով դուք կարող եք հաղթահարել դժվարությունները և դառնալ այն սյուները, որոնց կվստահվի մեր պետության ապագան»: Ռեկտորի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ:
«ՀՊՏՀ լավագույն ուսանող– 2016» անվանակարգի մրցույթում հաղթած ուսանողների պարգևատրումը սկսեց ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Շնորհավորանքի իր խոսքն ասաց Կարեն Ավագյանը՝ գնահատական հնչեցնելով ժամանակակից ուսանողության և հատկապես ՀՊՏՀ ուսանողների աշխատասիրության ու նվիրվածության վերաբերյալ, անդրադառնալով նրանց առաջատար ու կարևոր դերակատարությանը հանրապետական ու միջազգային ուսանողական կառույցներում, ապա շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար ու պարգևատրեց հաղթողներից մի քանիսին:
Այնուհետև ելույթ ունեցան և լավագույններին պարգևատրեցին Սևակ Խաչատրյանը, Սերգեյ Խառատյանը: Վերջինիս խոսքով՝ օրվա հերոսները նախևառաջ իրենք են իրենց պարգևատրել գիտելիքով ու ակտիվ աշխատանքով, իսկ միջոցառումը պարզապես արձանագրում է փաստը և նշում հանդիսավորապես:
Միջոցառման մասնակիցները, այնուհանդերձ, փաստեցին՝ մեր օրերի լավագույնները, որոնք պետք է մեծարվեն բոլոր մրցույթներից անկախ, սահմանում կանգնած զինվորներն են և հատկապես նրանք, ովքեր ապրիլյան օրերին իրենց կյանքը չխնայեցին կենաց ու մահու կռվում: Մրցանակաբաշխության հատուկ մրցանակին արժանացավ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանող Հարություն Բադալյանը:
Այսպիսով՝ համալսարանի 30 լավագույն ուսանողներ ուսման բարձր առաջադիմության և հասարակական ակտիվության համար պարգևատրվեցին ըստ արժանվույնս ու միաժամանակ իրենց ուսերին առան պատասխանատու այս կոչումը բարձր պահելու պատասխանատվությունը:
Շնորհավորում ենք բոլոր հաղթողների ու մաղթում նորանոր ձեռքբերումներ:
Հիշեցնենք՝ միջոցառումն անցկացվում էր Ուսանողության և երիտասարդության տոների միջոցառումների շրջանակում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին