ՀՊՏՀ աշխատակիցները «Էրասմուս+» ծրագրով այցելել են Հունգարիայի Միսկոլիչի համալսարան

Դիտումների քանակ՝ 2072

ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Տաթևիկ Մկրտչյանը  և մարքեթինգի ամբիոնի ավագ լաբորանտ, ասպիրանտ Մանուշ Քալանթարյանը «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 23-29-ը այցելել են Հունգարիայի Միսկոլիչի համալսարան: Առաջինը՝ դասախոսների, իսկ երկրորդը՝  վարչական անձնակազմի փոխանակման ծրագրերի շրջանակներում առիթ են ունեցել հանդիպումներ ունենալու և հանդես գալու մասնագիտական և աշխատանքային շնորհանդեսներով:

Տաթևիկ Մկրտչյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ այցի ընթացքում ինքը Միսկոլիչի համալսարանի բակալավրիատի ուսանողների և ասպիրանտների համար  հանդես է եկել  «Նեյրոտնտեսագիտություն» ու «Սպառողի հոգեբանություն և ընտրության պարադոքս» թեմաներով դասախոսություններով: Համալսարանից մեր դասախոսը վերադարձել է տպավորված:

«Հատկապես տպավորված եմ ասպիրանտներից: Իրենք էլ տպավորված էին դասախոսություններից, նշեցին, որ այն բավական տեղեկատվական էր, նորություններով հագեցած: Ինձնից անգամ դասախոսության տեքստն էին խնդրել,  որը ես ուղարկեցի»,- նշեց Տաթևիկ Մկրտչյանը:

Վարչական աշխատակիցների փոխանակման ծրագրով նույն համալսարանում հյուրընկալված Մանուշ Քալանթարյանը հանդիպումներ է ունեցել վարչական ստորաբաժանումների, մասնավորապես միջազգային կապերի պատասխանատուների ու նաև՝ մարքեթինգի ֆակուլտետի ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

«Քննարկել ենք համատեղ ծրագրեր իրագործելու հնարավորությունը: Որպես մարքեթինգի ամբիոնի ներկայացուցիչ՝ ինձ հատկապես հետաքրքիր էր իրենց համանուն ֆակուլտետի հետ համատեղ գիտական հոդվածների պատրաստման հնարավորությունը, ինչի շուրջ արդեն իսկ ձեռք ենք բերել որոշակի պայմանավորվածություններ»,- նշեց Մանուշ Քալանթարյանը: Նա նաև հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնող շնորհանդեսով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին