ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումներին
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Գրիգոր Նազարյանը հոկտեմբերի 28-ին մասնակցել են մեր համալսարանի գործընկեր՝ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ադամ Ալբեկովին է հանձնել ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի շնորհավորական ուղերձը:
Հոբելյանական միջոցառումների ընթացքում ՀՊՏՀ ներկայացուցիչներն ունեցել են մի շարք հանդիպումներ ու ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ Բելառուսի և Ռուսաստանի մի շարք համալսարանների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ ՀՊՏՀ և ՌՊՏՀ համագործակցային կապերը ձևավորվել են տարիներ առաջ: Այդ ընթացքում եղել են մի շարք փոխայցելություններ, կազմակերպվել են համատեղ գիտաժողովներ: «Մեր ռոստովյան գործընկերները կրկին անգամ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը, մասնավորապես՝ կազմակերպելու մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստումը, իրականացնելու ակադեմիական փոխանակումներ և համատեղ հետազոտություններ»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Գագիկ Վարդանյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին