Ընդունելության գործընթացի պատասխանատուները եռօրյա խորհրդաժողովում քննարկել են հանրակրթության համակարգի հիմնախնդիրները

Դիտումների քանակ՝ 1241

Գնահատման և թեստավորման կենտրոնը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ հոկտեմբերի 25-28-ը Ջերմուկում կազմակերպել է «Հանրակրթության գնահատման համակարգը. հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ  Մանուկ Մկրտչյանը, մի շարք բուհերի, նախարարության և ԳԹԿ՝ ընդունելության գործընթացի պատասխանատու ներկայացուցիչներ:

Մեր համալսարանից խորհրդաժողովին մասնակցել է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը, ով լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ տպավորված է խորհրդաժողովից, այն տեղեկատվական էր և մասնակիցներին հիանալի առիթ ընձեռեց՝ ծանոթանալու ոչ միայն կոնկրետ ընդունելության գործընթացին առնչվող նրբություններին, այլև գործընթացն ուղեկցող և անհրաժեշտ ամբողջ տեղեկատվական փաթեթին:

Մերի Բադալյանի խոսքով՝ աշխատանքներն ընթացել են 8 ենթախմբերում, ինքը ներգրավված է եղել ընդունելության քննություններին վերաբերող հիմնախնդիրների քննարկման ենթախմբում: Երեք օր աշխատելուց հետո ենթախմբերը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով: Մեր ներկայացուցիչը հանդես է եկել երկու ելույթով՝ առաջարկելով դպրոցից բուհ անցման հայեցակարգ, որն արժանացել է հավանության, իսկ նախարարի տեղակալն առաջարկել է այն փորձնական կիրառել հանրակրթական որևէ հաստատությունում՝ արդյունավետությունը գնահատելու նպատակով:

«Խորհրդաժողովի նպատակը առկա հիմնախնդիրների քննարկումը, ինչպես նաև նոր մոտեցումների ձևավորումն էր: Նման աշխատաժողովները շատ օգտակար են և միտված են աշխատանքի որակի, իսկ որ ավելի կարևոր է՝ նաև վերջնարդյունքի բարելավմանը, որում շահագրգռված ենք բոլորս»,- ասաց Մերի Բադալյանը՝ հավելելով, որ պատարստվում է կատարված աշխատանքը ներկայացնել հոդվածի տեսքով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին