Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ քառօրյա պատերազմի հերոսների անվան լսարանի բացում և հանդիպում Սեյրան Օհանյանի հետ

Դիտումների քանակ՝ 1886

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին այսօր՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի՝ համալսարան այցելությամբ և լսարանի բացմամբ: Սեյրան Օհանյանին համալսարանի բակում դիմավորեցին ՀՊՏՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողները, ինչպես նաև այս պահին ժամկետային զինծառայություն իրականացնող մեր բուհի երկու ուսանողներ՝ Վլադ Վարդանյանը և Կորյուն Մուրադյանը, որոնց ծառայողական կյանքի, առօրյայի մասին հետաքրքրվեց Սեյրան Օհանյանը:

Համալսարանի ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի առաջին հարկում ՀՊՏՀ ՈՒԽ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ ստեղծվել է քառօրյա պատերազմում զոհված հերոսների անվան լսարան, որի հանդիսավոր բացումը կատարեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և Սեյրան Օհանյանը: «Պատերազմական ակնթարթներ», «Դրվագներ առաջնագծից» խորագրերի ներքո ուշագրավ լուսանկարային շարքեր էին ապրիլյան պատերազմի օրերից, իսկ «Բարձունքը մերն է, տղերքը չկան, տղերքն ավելի բարձրում մնացին» խորագրի տակ պատերազմի ժամանակ զոհված 89 հերոսների լուսանկաներն էին: Ռեկտորի և ՈՒԽ նախագահի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատարը շրջեց լսարանում, ծանոթացավ ներկայացված պաստառներին, այնուհետև ռեկտոր Կորյուն Աթոյանին հանձնեց հուշանվեր, որը պատկերում էր հայկական բանակի բոլոր զինատեսակները և հայկական զինանշանը:

Այնուհետև կայացավ հանդիպում ՀՊՏՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Ելույթով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շեշտելով, որ այսօր հիշարժան օր է, քանի որ մեր համալսարանի լսարաններից մեկն այսուհետ կրելու է ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած և հավերժության ճամփան բռնած հայորդիների անունները: Ռեկտորի խոսքով՝ անկախության ճանապարհը բռնած մեր երկրի համար անչափ կարևոր է հզոր բանակ ունենալը ու նաև՝ այդ բանակի կայացմանն ու զորացմանն աջակցելը: Բուհի ղեկավարը շնորհակալություն հայտնեց համալսարանի աշխատակազմին և ուսանողական խորհրդին՝ հայոց բանակի հետ փոխհարաբերության և համագործակցության բարձր մակարդակի մշակույթ ձևավորելու համար, ապա երախտագիտություն հայտնեց Սեյրան Օհանյանին՝ ոչ միայն բուհական նախաձեռնություններին աջակցելու, այլև՝  մարդկային բարձր հատկանիշներով երիտասարդ սերնդին ոգեշնչելու, դեպի առաջընթացն ուղղորդելու համար:

ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը խոսեց համալսարանում տարվող  ռազմահայրենսաիրական աշխատանքների մասին, որից հետո ներկայացվեց ամփոփ տեսաֆիլմ:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը նախարարության անձնակազմի և իր անունից շնորհակալություն հայտնեց նման միջոցառման կազմակերպման համար, շեշտեց, որ այսպիսի նախաձեռնությունները անչափ կարևոր են բանակ-հասարակություն կապի ամրապնդման, երիտասարդ սերնդին արիության դասեր տալու և վառ ու հերոսական օրինակները ներկայացնելու համար: «Անչափ կարևոր են այսպիսի հանդիպումները, քանի որ, ինչպես ասում են, այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասին են,  նրանք անպարտելի են»,- ընդգծեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ քառօրա պատերազմին՝ շեշտելով, որ քաջ հայորդիներն այդ օրերին արեցին առավելագույն՝ը ոչ միայն պաշտպանելով հայրենի հողը, այլև մի ամբողջ ժողովրդի մատուցելով հերոսականության վառ դասեր: Նրա խոսքով՝ այդ օրերին ապրած ցավը շաղախվեց քաջերի կատարած սխրանքի հետ և պարգևեց հպարտության  ու նաև երկրի առաջընթացի ապահովման գործում պատասխանատվության զգացումներ: Սեյրան Օհանյանը մանրամասնեց բանակի կողքին լինելու կարևորությունը հատկապես երիտասարդ սերնդի համար, խոսեց գիտելիքի և կրթության դերի մասին պաշտպանության բնագավառում նորանոր հաջողություններ արձանագրելու համատեքստում, քառօրյա պատերազմի դասերի՝ հաջողությունների ու բացթողումների մասին, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, շնորհակալություն հայտնեց Ուսանողական խորհրդին՝ համալսարանում ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու գործում ներդրման համար:

Այս գործունեության համար նա պատվոգրերով պարգևատրեց ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանին, ասպիրանտ Գրիշա Ամիրխանյանին և ՀՀ և աուդիտ ֆակուլտետի ուսանողուհի Զեփյուռ Ալեքսանյանին, Դրաստամատ Կանայան մեդալով պարգևատրեց ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, դոկտոր Մհեր Աղալովյանին և ՄՏՀ ամբիոնի ղեկավար, դոցենտ Գրիգոր Նազարյանին, իսկ անվանական ձեռքի ժամացույցներով պարգևատրեց ուսանողներ Շողեր Արազյանին և Հովհաննես Հովհաննիսյանին: Իսկ մեր երկու ուսանող զինվորներին հայտարարեց 10-օրյա արձակուրդ:

Պարգևատրումից հետո ռեկտոր Կորյուն Աթոյանը Սեյրան Օհանյանին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց համալսարանի նախաձեռնություններին աջակցելու համար և նրան հանձնեց հուշանվեր՝ համալսարանի մանրապատկերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին